Նորություններ
26/03/2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»:
Քրեական վարույթի համաձայն՝
Ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը:
Քրեական վարույթով ստացված հիշյալ փաստական տվյալների հաշվառմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62279123 քրեական վարույթը։
Հաղորդման հիման վրա նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեում գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62298224 քրեական վարույթը։
2024 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել թիվ 62298224 քրեական վարույթը թիվ 62279123 քրեական վարույթին միացնելու մասին:
Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում, ուստի, Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահպանմամբ, 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու:
Մասնավորապես.
Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով:
Հովիկ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար՝ 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին Հովիկ Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:
Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար՝ նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը և 200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում՝ գործարքի մեկնարկից հետո: Ընդ որում, Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ:
Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:
Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 դրամ է տվել Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
Ստանալով նշված գումարը՝ Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը: Այդ նպատակով Հովիկ Աղազարյանը 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է «Էկո սիթի Ա․Ռ․» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան՝ գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության, բազմաբնակարան բնակելի շենքի և նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները:
Չնայած խոստմանը՝ Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը, միաժամանակ՝ հրաժարվել է վերադարձնել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը:
Դրանից հետո, Արամ Մկրտչյանն իր քրոջ ընկերուհու միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ և նրան խնդրել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանն իրեն վերադարձնի վերցրած գումարը:
Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով,
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝
Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»: