ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված գործի նյութերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հրապարակում է 1980-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ մարդկանց նկատմամբ բարբարոսության և զանգվածային բռնության փաստերի վերաբերյալ Հայաստանի դատախազության արխիվում պահպանված քննված քրեական գործերի նյութերը։ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ քրեական գործերի նյութերի հիման վրա ստեղծվել է էլեկտրոնային արխիվ, որը պարունակում է տասնյակ հազարավոր նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց ազգականների և իրավահաջորդների վկայություններ, լուսանկարներ, իրեղեն ապացույց ճանաչված և այլ փաստաթղթեր: Ապացույցները վերաբերում են հատկապես՝ այն բարբարոսական գործողություններին (սպանություններ, բռնաբարություններ, բռնություններ, հրկիզումներ, կողոպուտներ և գողություններ), որոնք կատարվել են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների մասնակցությամբ՝ Սումգայիթում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում։ ՀՀ դատախազության կայքում կարող եք ծանոթանալ վերը նշված արխիվային փաստաթղթերին։ Աշխատանքի առաջին փուլում կայքը հրապարակել է փաստաթղթեր՝ կապված Սումգայիթի ջարդերի հետ։ Հետագայում կայքը կհամալրվի Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների մասին վկայող նյութերով։ Նշենք, որ կայքում տեղադրված ապացույցներն ու ցուցմունքները մասամբ կրճատվում են։ Պատճառն այն էր, որ, ըստ քրեական գործերի նյութերի, հայազգի անձանց նկատմամբ ջարդերը կազմակերպել և իրականացրել է Խորհրդային Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, իսկ որոշ հատվածներում դրանք իրականացրել են հենց իրավապահները, ովքեր բնակչությանը զգուշացրել են չթաքցնել ազգությամբ հայ հարևաններին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վրեժխնդիր կլինեն նրանցից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ականատեսների, որոշ դեպքերում հայերին հաջողվել է փախչել ադրբեջանցի կամ ռուս հարևանների օգնությամբ՝ մասնավորապես, Սումգայիթում բնակվող հայ ականատեսների հասցեները, ինչպես նաև օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները չեն հրապարակվում ՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Կարծում ենք, որ քրեական գործերի նյութերը օգտակար կլինեն ինչպես պատմաբաններին, քաղաքական գործիչներին, այնպես էլ ողջ հասարակությանը և կնպաստեն պատմության այս էջերի պատշաճ ըմբռնմանը և գնահատմանը։ Այդ նյութերի հրապարակումը թույլ չի տա խեղաթյուրել այդ իրադարձությունների հետ կապված պատմական փաստերը։

2010 թվական