Դատախազության կանոնակարգ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ
ԴԱՏԱԽԱԶԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 59 ՀՐԱՄԱՆՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերը և 30-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Հ ր ա մ ա յ ու մ ե մ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանը, բացառությամբ 12-րդ գլխի, որն ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատախազության գործավարության կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
5. Սույն հրամանի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերին և ավագ դատախազներին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին և ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականներին ու օգնականներին, Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին:
Ա.ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության
գլխավոր դատախազի 2019 թվականի
դեկտեմբերի 18-ի N 72 հրամանի
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ նաև՝ դատախազություն) կազմում գտնվող դատախազությունների (Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն (այսուհետ նաև՝ գլխավոր դատախազություն), Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազություն (այսուհետ՝ զինվորական կենտրոնական դատախազություն), Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններ) գործունեության կազմակերպման հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Իրենց գործունեության ընթացքում դատախազությունները ղեկավարվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով (այսուհետ նաև՝ օրենք), միջազգային պայմանագրերով, դատախազության կանոնադրությամբ, uույն կանոնակարգով, Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ՝ գլխավոր դատախազ) հրամաններով և իրավական այլ ակտերով:
3. Դատախազությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող:
4. Դատախազությունները և դատախազներն ունեն Հայաuտանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց` հայերեն, ռուuերեն, անգլերեն անվանումով կլոր կնիք, ինչպես նաև այլ կնիքներ, դրոշմակնիքներ, դրոշմակներ, ձևաթղթեր ու անհատականացման այլ միջոցներ:
5. Դատախազության պարտավորությունների համար պատաuխանատվություն է կրում Հայաuտանի Հանրապետությունը:
2․ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Դատախազության խնդիրները, նպատակները և գործառույթները սահմանվում են դատախազության կանոնադրությամբ:
Դատախազության առանձին գործառույթներ սահմանվում են սույն կանոնակարգով:
3. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
7. Դատախազության կառավարումն իրականացնում է գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազը ղեկավարում է դատախազության գործունեությունը: Գլխավոր դատախազին անմիջական հաշվետու են գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ ստորաբաժանում) ղեկավարները, գլխավոր դատախազության ավագ դատախազները և դատախազները, դատախազության կազմում գտնվող դատախազությունների ղեկավարները, դատախազության գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ գլխավոր քարտուղար), գլխավոր դատախազի խորհրդականները, օգնականները: Գլխավոր դատախազին հաշվետու են դատախազության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում) ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալները:
Գլխավոր դատախազի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և դատախազության կանոնադրությամբ:
8. Գլխավոր դատախազի տեղակալի, գլխավոր քարտուղարի, գլխավոր դատախազի խորհրդականի, գլխավոր դատախազի օգնականի, գլխավոր դատախազի տեղակալի օգնականի լիազորությունները սահմանվում են դատախազության կանոնադրությամբ:
9. Գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազներն (զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները) օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են գլխավոր դատախազի (Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի) համապատասխան իրավական ակտի հիման վրա:
10. Զինվորական կենտրոնական դատախազության գործունեության անմիջական ղեկավարումն ու կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը:
11. Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունների (այսուհետ՝ դատախազություններ) գործունեության անմիջական ղեկավարումն ու կազմակերպումն իրականացնում են համապատասխան դատախազության ղեկավարները:
12. Ստորաբաժանումը ղեկավարում է ստորաբաժանման ղեկավարը, որը պատասխանատվություն է կրում ստորաբաժանման աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ստորաբաժանման առջև դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
13. Ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝
1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է ստորաբաժանման գործունեությունը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դրանց կատարելագործման ուղղությամբ.
2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների կատարումը.
3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին, իսկ ստորաբաժանման մասով՝ նաև գլխավոր դատախազի տեղակալին՝ դատախազության կամ ստորաբաժանման դատախազների միջև աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ.
4) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին առաջարկներ է ներկայացնում իր ղեկավարած ստորաբաժանման կամ դատախազության դատախազներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.
5) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման կամ դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև պարտականությունների ժամանակին ու պատշաճ կատարման նկատմամբ.
6) միջոցներ է ձեռնարկում ստորաբաժանման կամ դատախազության դատախազների մասնագիտական կարողությունների բարելավման ուղղությամբ.
7) ստորաբաժանման կամ դատախազության գործունեությանն առնչվող հարցերով մասնակցում է դատախազությունում անցկացվող խորհրդակցություններին, առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ.
8) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին պարբերաբար զեկուցում է ստորաբաժանման կամ դատախազության առավել կարևոր հարցերի մասին, ինչպես նաև հաշվետվություններ է ներկայացնում դրանց գործունեության վերաբերյալ.
9) անցկացնում է խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են ստորաբաժանման կամ դատախազության դատախազների հաշվետվությունները, աշխատանքային ծրագրերի կատարման ընթացքը և ստորաբաժանմանը կամ դատախազությանն առնչվող այլ խնդիրներ.
10) ըստ ստորաբաժանումների գործունեության ոլորտների կամ դատախազության կողմից սպասարկվող վարչական տարածքի՝ ամփոփում և վերլուծում է քննչական ու դատախազական աշխատանքի վերաբերյալ վիճակագրական տվյալները.
11) կատարում է քաղաքացիների ընդունելություն.
12) ապահովում է ստորաբաժանման կամ դատախազության և այլ մարմինների փոխհամագործակցությունը.
13) ստորագրում է ստորաբաժանման կամ դատախազության անունից պատրաստվող փաստաթղթերը.
14) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին ու խորհրդակցություններին.
15) ապահովում է մշտական համագործակցությունը դատախազության համակարգի բոլոր ստորաբաժանումների և դատախազությունների հետ.
16) իրականացնում է դատախազությանը՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում իրեն վերապահված այլ լիազորություններ:
14. Ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարի տեղակալը օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝
1) իրականացնում է ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարի տված հանձնարարությունները.
2) ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հրամանով նշանակած անձը:
16. Ստորաբաժանման դատախազների միջև աշխատանքային պարտականությունների բաշխումը կատարում է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ ոլորտների համակարգման, որի վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը, Երևան քաղաքի դատախազության դատախազների միջև՝ Երևան քաղաքի դատախազը, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների միջև՝ համապատասխան դատախազությունների ղեկավարները:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
17. Գլխավոր դատախազությունը՝
1) ապահովում է դատախազությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված ոլորտների ընդհանուր ղեկավարումն ու վերահսկողությունը.
2) ներկայացնում է համապատասխան առաջարկություններ՝ դատախազության ոլորտներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով.
3) կիրառում է համապատասխան միջոցներ՝ նախապատրաստվող կամ կատարված իրավախախտումների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց, զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների հիման վրա, ինչպես նաև իր գործառույթներն իրականացնելիս իրավախախտումների մասին տվյալներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում.
4) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ստուգում է դատախազությունների կողմից իրավախախտումների մասին հաղորդումների քննարկման և լուծման կարգը, իսկ իրավախախտումների հայտնաբերման դեպքում՝ ուսումնասիրում և վերլուծում է դատախազական ներգործության միջոցների կիրառման պրակտիկան.
5) իր իրավասության սահմաններում ապահովում է մինչդատական վարույթում և դատական քննության ընթացքում դատախազին վերապահված լիազորությունների իրականացումը.
6) համագործակցում է այլ դատախազությունների, պետական և այլ մարմինների հետ.
7) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնակարգով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում, իրականացնում է այլ գործառույթներ:
18. Գլխավոր դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է ըստ ոլորտների՝ համապատասխան ստորաբաժանումների և գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների միջոցով:
19. Գլխավոր դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթները սահմանվում են գլխավոր դատախազի հրամանով՝ ըստ դատախազության կանոնադրությամբ սահմանված գործառույթների:
20. Զինվորական կենտրոնական դատախազության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունները սահմանվում են գլխավոր դատախազի հրամանով՝ ըստ դատախազության կանոնադրությամբ սահմանված գործառույթների:
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԵՐԵՎԱՆ
ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Դատախազություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան դատախազության տարածքային սահմաններում՝ դատախազությունների դատախազների միջոցով:
22. Դատախազությունները, իրենց իրավասության սահմաններում, համապատասխան դատախազության կողմից սպասարկվող տարածքում ապահովում են դատախազությանը վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացումը:
23. Դատախազությունները, իրենց իրավասության սահմաններում, համապատասխան մարզի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, զինվորական կայազորում, դատախազությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ոլորտներում, օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝
1) իրականացնում են հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն.
2) ստուգում են հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող մինչդատական քրեական վարույթի օրինականության վիճակը.
3) մշակում և գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին առաջարկություններ են ներկայացնում դատախազության գործունեության ոլորտներում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
4) մասնակցում են գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հրավիրած խորհրդակցություններում համապատասխան դատախազությունների հաշվետվությունների և հաղորդումների քննարկմանը՝ կապված դատախազության գործունեության ոլորտներում աշխատանքների կազմակերպման ու իրականացման ընթացքի հետ.
5) ապահովում են ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված ծանր հանցագործությունների և արտակարգ դեպքերի մասին գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին իրազեկումը.
6) առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ դատախազությանը վերաբերող ոլորտների կատարելագործման վերաբերյալ.
7) պաշտպանում են մեղադրանքը դատարաններում.
8) օրենքով սահմանված ժամկետում և կարգով ստուգում են դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, կազմում օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ բերվող վերաքննիչ բողոքներ, ինչպես նաև վճռաբեկ բողոքների նախագծեր.
9) դատարանների օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ բերում են բողոքներ.
10) ապահովում են գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի դատախազական ակտերի կատարումը.
11) իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում, օրենքով սահմանված կարգով, իրականացնում են պետական շահերի պաշտպանություն.
12) իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում պետության գույքային շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքում, նախապատրաստում են նյութեր՝ դատարան՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար.
13) ստուգում են պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները.
14) պետական շահերի պաշտպանության հայց են հարուցում դատարան, մասնակցում դատարանում դրա քննությանը.
15) օրենքով սահմանված կարգով և ժամկետում ստուգում են պետության գույքային շահերին առնչվող՝ դատարանների օրինական ուժի մեջ չմտած վճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, կազմում վերաքննիչ բողոքների նախագծեր.
16) իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում են համապատասխան մարմիններում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը.
17) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում ապահովում են օրենքների պահանջների միատեսակ կիրառությունը.
18) ազատությունից զրկման, ազատության սահմանափակման, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և օրենքով նախատեսված զենքի գործադրման դեպքերում ապահովում են անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.
19) համագործակցում են դատախազության այլ ստորաբաժանումների, պետական և այլ մարմինների հետ.
20) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ և իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում են այլ գործառույթներ:
6. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ
24. Ստորաբաժանումների և դատախազությունների դատախազներն իրենց իրավասության սահմաններում ապահովում են դատախազությանը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների և դրանցից բխող գործառույթների կատարումը:
25. Ստորաբաժանումների և դատախազությունների դատախազները կատարում են իրենց գործառույթներից բխող՝ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալի և անմիջական ղեկավարի հանձնարարականներն ու ցուցումները:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ, ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
26. Դատախազության գործունեությունը կազմակերպվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի իրավական ակտերով, աշխատանքի ծրագրի հիման վրա՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը:
27. Պաշտոնական հաղորդումների նախագծերն ու անհրաժեշտ նյութերը դատախազության իրավասու պաշտոնատար անձին են ներկայացնում ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները՝ համաձայնեցնելով գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հետ:
28. Դատախազության անունից զանգվածային լրատվության միջոցների համար պաշտոնական հաղորդումներն ուղարկվում են միայն դատախազության իրավասու պաշտոնատար անձի միջոցով՝ համաձայնեցնելով գլխավոր դատախազի հետ:
29. Տեղեկատվության հավաստիության և լրիվության համար պատասխանատվություն են կրում այն հեղինակած պաշտոնատար անձինք:
30. Դատախազության գործունեության կազմակերպման և իրականացման առանձին հարցերի ուսումնասիրման նպատակով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների կարգադրությամբ կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր:
31. Ստորաբաժանումները և դատախազությունները անցկացնում են կատարած աշխատանքի հաշվառում, վերլուծում դրա արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում համապատասխան առաջարկություններ:
32. Ստորաբաժանումները և դատախազություններն ապահովում են օրինականության և առկա հասարակական հարաբերությունների վիճակի մասին տեղեկության հավաքումը, ամփոփումն ու վերլուծությունը: Այդ նպատակով օգտագործվում են վիճակագրական տվյալներ, ստուգման, քաղաքացիական և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, վերահսկող մարմինների տվյալները, քաղաքացիների, պաշտոնատար և իրավաբանական անձանց դիմումները, զանգվածային լրատվության միջոցների հաղորդումներն ու այլ տեղեկություններ, որոնք բնութագրում են օրինականության և առկա հասարակական հարաբերությունների վիճակը:
33. Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակի համալիր վերլուծությունն ու վիճակագրությունն իրականացնում է համապատասխան աջակցող մասնագիտական կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումը: Այդ նպատակով ստորաբաժանումները և դատախազությունները տվյալ ստորաբաժանում են ներկայացնում ընդհանրացված տեղեկություններ, որոնք արտացոլում են օրինականության և դատախազական հսկողության արդյունավետության վիճակը, իրավակիրառ պրակտիկայում բացթողումներն ու խնդիրները:
34. Տեղեկատվական նամակները, վերլուծական և մեթոդական այլ փաստաթղթերը հանձնվում են գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչություն (այսուհետ նաև՝ վարչություն)՝ հաշվառման և պահպանման:
8. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Դատախազության խնդիրների կատարումն ապահովելու նպատակով գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը վերահսկողություն է իրականացնում դատախազությունների գործունեության նկատմամբ:
36. Գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը վերահսկողությունն իրականացնում է ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ստուգումների միջոցով:
37. Ստորաբաժանումները ստուգումն իրականացնում են աշխատանքային ծրագրի, համապատասխան դատախազությունների կողմից ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, ստուգման արդյունքներով ներկայացված թերությունների վերացման ծրագրի, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարության հիման վրա՝ ինչպես նաև ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջացնող այլ իրավիճակներից ելնելով:
38. Ստորաբաժանումները, իրենց ուսումնասիրությունների հիման վրա, համապատասխան դատախազություններին, ըստ անհրաժեշտության, ցուցաբերում են գործնական և մեթոդական օգնություն:
39. Ստորաբաժանումների և դատախազությունների ստուգումներ իրականացվում են գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կարգադրության հիման վրա, որում նշվում են ստուգումն իրականացնող ստորաբաժանման կամ դատախազության անվանումը, ստուգում իրականացնող դատախազի (դատախազների կամ աշխատանքային խմբի անդամների) անունը, ազգանունը, պաշտոնը, ստուգման իրավական հիմքը, նպատակը, ժամկետը, ստուգման սահմանները։
40. Ստուգում անցկացնելու մասին կարգադրությունում չնշված դատախազները չեն կարող մասնակցել ստուգմանը:
41. Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգում իրականացնող դատախազին այլ դատախազով փոխարինելու դեպքում, փոփոխությունը կատարվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի համապատասխան կարգադրությամբ:
42. Կարգադրության երկու օրինակը, ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է ստուգման ենթակա մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Վերջինս պարտավոր է ստորագրել առաջին օրինակի դարձերեսին՝ հաստատելով, որ ծանուցվել է ստուգում անցկացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգում իրականացնող պաշտոնատար անձին:
43. Ստուգում իրականացնող դատախազը (դատախազները կամ աշխատանքային խմբի անդամները) ստուգումն իրականացնելու մասին կարգադրությունում նշված նպատակի շրջանակներից ու սահմաններից դուրս գալու իրավունք չունի (չունեն):
44. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ կամ անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ստուգման նպատակներն ու շրջանակները կարող են փոխվել գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կողմից` ստուգում կատարող դատախազի (աշխատանքային խմբի ղեկավարի) գրավոր հիմնավորմամբ:
45. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի կարգադրությունում նշված ժամկետը: Ստուգման ժամկետը, անհրաժեշտության դեպքում, կարող է երկարացնել գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը` ստուգում իրականացնող դատախազի (աշխատանքային խմբի ղեկավարի) գրավոր հիմնավորմամբ:
46. Ստուգում իրականացնող դատախազի կողմից ստուգման արդյունքներով կազմվում է տեղեկանք, որը ստորագրում են խմբի ղեկավարն ու անդամները, մեկ օրինակ հանձնվում է ստուգված ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարին:
47. Տեղեկանքում նկարագրվում են ստուգման արդյունքները և դրանց վերաբերյալ ներկայացվում են համապատասխան առաջարկություններ:
48. Ստուգման արդյունքներով տեղեկանքը կարգադրությամբ նախատեսված ժամկետում ներկայացվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի մոտ քննարկման, որին մասնակցում են ստուգում իրականացնող դատախազը (խմբի ղեկավարը) և ստուգման ենթարկված մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:
49. Ստուգում իրականացնող դատախազն իր լիազորություններն իրականացնելիս`
1) պահանջում է փաստաթղթեր, տեղեկանքներ, բացատրություններ, տվյալներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
2) սահմանում է ժամկետներ այն բացահայտված թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.
3) առաջարկություններ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին` օրենքով նախատեսված պատասխանատվություն առաջացնող բացահայտված իրավախախտումների կապակցությամբ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.
4) վերցնում է փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ և այլն, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում ստուգման ենթակա ստորաբաժանման կամ դատախազության բնականոն աշխատանքը: Ստուգում իրականացնող դատախազը փաստաթղթերը վերցնելիս ստուգման ենթակա ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարի հետ կազմում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է ստուգման ենթարկված մարմնի ղեկավարին.
5) իրականացնում է ստուգման նպատակին առնչվող այլ գործառույթներ:
50. Ստուգում իրականացնող դատախազը`
1) պահպանում է ստուգմանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները.
2) չի հրապարակում ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն պարունակող նյութերը.
3) չի խոչընդոտում ստուգման ենթակա դատախազության բնականոն աշխատանքին.
4) պատասխանատվություն է կրում ժամանակավորապես վերցված փաստաթղթերի և այլ իրերի ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:
51. Ստուգման արդյունքները կարող են քննարկվել դատախազության կոլեգիայում:
52. Վարչությունը կատարում է ստուգումների հաշվառում:
53. Վերահսկողության պատշաճ իրականացման նպատակով, ըստ անհրաժեշտության, վերահսկվող դատախազությունից կարող են կանչվել դատախազներ:
54. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի դատախազական ակտերի, ծրագրային միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովում են գլխավոր դատախազի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները:
55. Ստորաբաժանումներում վերահսկողության վերցված յուրաքանչյուր փաստաթղթի համար լրացվում է հսկողական քարտ:
56. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությունները, այդ թվում՝ կապված դիմումների և բողոքների քննարկման հետ, վերահսկում են ստորաբաժանումների ղեկավարները կամ գլխավոր դատախազության կամ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազները կամ դատախազները:
57. Գլխավոր դատախազի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողով և կառավարություն, նախարարություններ ու այլ գերատեսչություններ ուղարկված փաստաթղթերի (տեղեկությունների, միջնորդագրերի, նամակների) ընթացակարգի և քննարկման արդյունքների նկատմամբ վերահսկողությունն ապահովում է գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ համակարգման ոլորտի, կամ ստորաբաժանումների կամ դատախազությունների ղեկավարները:
9. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
58. Գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալները, իրենց իրավասության սահմաններում ընդունում են ներքին և անհատական իրավական ակտեր:
59. Իրավական ակտերը պետք է համապատասխանեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոններին: Նախագծերը ձևակերպվում են սույն կանոնակարգին համապատասխան:
60. Իրավական ակտերի նախագծերը (այսուհետ՝ սույն գլխում՝ նախագիծ) մշակում են գլխավոր դատախազի տեղակալները, ստորաբաժանումները, ինչպես նաև դատախազությունները (այսուհետ՝ սույն գլխում` նախագիծը մշակող):
61. Նախագծի մշակման նպատակով, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կարգադրությամբ, կարող է ստեղծվել նախագծի մշակման աշխատանքային խումբ:
62. Նախագծերի մշակումն իրականացվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի սահմանած ժամկետում:
63. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի նոր իրավական ակտի ընդունման անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազի տեղակալը այդ կապակցությամբ զեկուցագիր է ներկայացնում գլխավոր դատախազին, իսկ ստորաբաժանումները և դատախազությունների ղեկավարները՝ գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին:
64. Նախագծին կարող են կցվել դրա ընդունման հիմնավորումը, նախագծի ընդունման կապակցությամբ իրավական այլ ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքներ:
65. Նախագծին, ըստ անհրաժեշտության, կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք հանդիսացած վիճակագրական տվյալներ, ամփոփագրեր, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր:
66. Նախագծում պարտադիր պետք է նշվեն իրավական ակտի տեսակը և դրա անվանումը, որը պետք է հակիրճ և հստակ արտահայտի իրավական կարգավորման առարկան ու նրա բովանդակությունը:
67. Իրավական ակտը կարող է ունենալ նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները:
68. Գլխավոր դատախազի ներքին կամ անհատական իրավական ակտի նախաբանում նշվում են իրավական ակտի ընդունման համապատասխան օրենսդրական հիմքերը:
69. Անհրաժեշտության դեպքում նախագծերը վարչության միջոցով 15-օրյա ժամկետում համաձայնեցվում են դատախազության շահագրգիռ ստորաբաժանումների և դատախազությունների հետ:
70. Այն նախագծերը, որոնց կատարումը պահանջում է ֆինանսական միջոցներ, համաձայնեցվում են աջակցող մասնագիտական կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման հետ:
71. Նախագծի համաձայնեցումն իրականացվում է վարչության միջոցով:
72. Վարչությունը, շահագրգիռ ստորաբաժանումների և դատախազությունների դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա, դրանք ստանալուց հետո 7-օրյա ժամկետում նախագծում, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ և լրացումներ է կատարում՝ անհրաժեշտության դեպքում դրանց շուրջ անցկացնելով քննարկումներ շահագրգիռ ստորաբաժանումների հետ:
73. Եթե շահագրգիռ ստորաբաժանումները և դատախազությունները դիտողություն կամ առաջարկություն չունեն նախագծի վերաբերյալ, ապա այդ մասին կատարվում է համապատասխան նշագրում:
74. Եթե շահագրգիռ ստորաբաժանումները և դատախազությունները դիտողություն կամ առաջարկություն ունեն նախագծի վերաբերյալ, ապա վարչությունը նախագծին կարող է կցել ներկայացված դիտողության կամ առաջարկության վերաբերյալ ամփոփաթերթ:
75. Շահագրգիռ ստորաբաժանումների և դատախազությունների դիտողությունների և առաջարկությունների ամփոփումից հետո վարչության կողմից իրականացվում է իրավական փորձաքննություն՝ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների և օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով:
76. Որոշ դեպքերում իրավական ակտերի ընդունման հրատապությունից ելնելով՝ իրավական փորձաքննությունը կարող է կատարվել բանավոր կարգով, իսկ դրական եզրակացությունը հավաստվել իրավական ակտի վերջին էջի դարձերեսին դրվող՝ վարչության պետի ստորագրությամբ:
77. Գլխավոր դատախազին ներկայացվող նախագիծը կարող է նշագրվել գլխավոր դատախազի այն տեղակալի կողմից, որը համակարգում է նախագծով նախատեսված ոլորտի աշխատանքները:
78. Նախագծի հետ կապված հարցը գլխավոր դատախազին, որպես կանոն, զեկուցում են վարչության պետը և համապատասխան ոլորտի աշխատանքները համակարգող գլխավոր դատախազի տեղակալը:
79. Գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալների կողմից ընդունվող իրավական ակտերի հաշվառումն իրականացնում է վարչությունը, իսկ դատախազության անձնակազմին վերաբերող անհատական ակտերի, գաղտնի իրավական ակտերի, ինչպես նաև գլխավոր քարտուղարի իրավական ակտերի հաշվառումն իրականացնում են աջակցող մասնագիտական կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումները:
80. Գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալների կողմից ընդունվող իրավական ակտերի բնօրինակները պահվում են վարչությունում:
81. Դատախազների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների կողմից իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են գլխավոր դատախազի տեղակալները` ըստ համակարգման ոլորտների, և վարչությունը:
82. Ստորաբաժանումները վերահսկում են դատախազությունների կողմից իրավական ակտերի պահանջների կատարումը:
83. Զինվորական կենտրոնական դատախազությունը վերահսկում է կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրավական ակտերի պահանջների կատարումը:
10. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ,
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
84. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կատարված հանցագործությունների, պետության շահերի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, օրինականության խախտումների մասին դիմումների, բողոքների և առաջարկությունների (այսուհետ՝ դիմում), պետական մարմինների պաշտոնատար անձանց գրագրության քննարկմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնակարգի համաձայն:
85. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ստացված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նրանց իրավունքների ու ազատությունների խախտման վերաբերյալ դիմումների քննարկման կարգն իրականացվում է համապատասխան միջազգային պայմանագրերով:
86. Դիմումները կարող են լինել անհատական, այսինքն` տրված լինեն անձամբ այն քաղաքացու կողմից, որի իրավունքները խախտվել են, կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով` հասարակական կազմակերպության կամ այն կազմակերպության կողմից, որտեղ աշխատում է տվյալ անձը: Դիմում տալու քաղաքացիների իրավունքը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:
87. Իր կամ այլ անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի վերականգնման, դատախազության գործունեությունը քննադատող` դատախազություն դիմում ներկայացնելու պատճառով քաղաքացու հետապնդումն արգելվում է:
88. Դիմումներն ընդունելու, հաշվառելու, գրանցելու, դրանցով հսկողական վարույթներ կազմելու, ձևակերպելու, բազմացնելու, համակարգելու և պահպանելու, ինչպես նաև դրանց կատարումը վերահսկելու կարգը սահմանվում է սույն կանոնակարգով և գլխավոր դատախազի այլ իրավական ակտերով:
89. Իր դիմումի քննարկումը դադարեցնելու մասին քաղաքացու գրավոր դիմումը կամ գրավոր հայտարարությունը դատախազին իրավունք է տալիս դադարեցնելու հետագա ստուգումը, եթե ստացված նյութերում չկան օրենքի խախտման մասին այնպիսի տվյալներ, որոնք դատախազական լիազորությունների կիրառում են պահանջում:
90. Սույն կանոնակարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) պետական մարմինների պաշտոնատար անձանց գրագրություն` պաշտոնատար անձի գրավոր շարադրված գրությունը, առաջարկությունը, հարցումը, բողոքը կամ միջնորդությունը.
2) առաջարկություն` օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործման, հասարակական հարաբերությունների զարգացման, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում պետության և հասարակության գործունեության բարելավման վերաբերյալ դիմումատուի նկատառումը.
3) դիմում` իր սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ այլ անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցելու մասին քաղաքացու խնդրանքը կամ օրենքի և այլ նորմատիվ ակտերի խախտման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքում թերությունների մասին հաղորդումը կամ նշված պաշտոնատար անձանց գործունեության քննադատությունը.
4) բողոք` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի կամ այլ անձանց ազատությունների և օրինական շահերի վերականգնման կամ պաշտպանության, ինչպես նաև պաշտոնատար անձանց գործողությունը կամ անգործությունը վերացնելու վերաբերյալ քաղաքացու խնդրանքը.
5) միջնորդություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում որոշակի կարգավիճակի, իրավունքների և ազատությունների ճանաչման մասին գրավոր ձևով շարադրված դիմումատուի խնդրանքը.
6) կոլեկտիվ դիմում` երկու և ավելի անձանց դիմումը, ինչպես նաև ցույցի, հանրահավաքի ժամանակ ընդունված դիմումը, որը ստորագրված է ցույցի, հանրահավաքի կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից.
7) պաշտոնատար անձ` անձ, որը մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իրականացնում է հանրային ծառայության համակարգում ընդգրկված որևէ պաշտոնին առնչվող լիազորություններ, կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ.
8) դիմումի կրկնօրինակ` դիմումատուի դիմումը, որը նախորդ դիմումի պատճենն է, կամ նույն հարցով և միևնույն անձի շահերից բխող դիմումի մեկ այլ օրինակը.
9) կրկնակի դիմում` միևնույն հարցի վերաբերյալ նույն անձից ստացված դիմումը, որում`
ա. բողոքարկվում է դատախազությունում ստացված նախորդ դիմումին տրված ընթացքը.
բ. հաղորդվում է նախորդ դիմումը ոչ ժամանակին քննարկելու մասին, եթե այն ստանալու պահից լրացել է քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և իրավական այլ ակտերով նախատեսված ժամկետը.
գ. նշվում են նախորդ դիմումի քննարկման և լուծման ժամանակ թույլ տրված թերությունները.
10) պետական մարմինների հարցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ ընդունված հարցումն այն հարցերի շուրջ, որոնք դատախազության իրավասության շրջանակներում են.
11) իրավասու պաշտոնատար անձի հարցում` օրենքի խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազին ուղարկված պատշաճ ձևակերպված փաստաթուղթ, որը պարունակում է դրանք վերացնելու առաջարկություններ.
12) իրավասու պաշտոնատար անձի գրություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից դատախազությանն ուղարկված փաստաթուղթ, որը հաղորդում է պարունակում օրենքի խախտումների մասին, ինչպես նաև ոչ որպես հարցում ձևակերպված խնդրանք՝ տրամադրելու իրենց գործունեության հետ կապված տեղեկություններ, տվյալներ և փաստաթղթեր.
13) հանրագիր` Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.
91. Սույն գլխի դրույթները տարածվում են ընդունելության ժամանակ, փոստով (այդ թվում՝ դատախազության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված), էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգով, հեռահաղորդակցման այլ միջոցներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների վերաբերյալ բանավոր կամ գրավոր ստացված դիմումների (գրագրության) նկատմամբ:
92. Գրավոր դիմումը (գրագրությունը) ենթակա է պարտադիր գրանցման` դատախազությունում ստացվելու պահից՝ մեկ օրվա ընթացքում:
93. Դատախազությունում հանցագործության մասին հաղորդումներն ընդունվում են քրեադատավարական նորմերին համապատասխան:
94. Քննիչի և հետաքննության մարմնի վարույթում քննվող քրեական գործերի քննության հետ կապված գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքները, ինչպես նաև դատարանի դատավճիռների, վճիռների և որոշումների դեմ բերված բողոքները ստուգվում են դատավարական նորմերին համապատասխան:
95. Քննիչի և հետաքննության մարմնի վարույթում քննվող քրեական գործերի քննության հետ կապված գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքները քննարկվում են քրեադատավարական նորմերին համապատասխան։ Դատարանի կայացրած վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բողոքներ ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի են առնվում ինչպես նյութական, այնպես էլ դատավարական նորմերի պահանջները, այդ թվում նաև՝ դրանց մեկնաբանման վերաբերյալ Եվրոպական դատարանի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումները։
96. Սույն կարգով և գլխավոր դատախազի այլ իրավական ակտերով քննարկվում են նաև զանգվածային լրատվության միջոցների ուղարկած դիմումները:
97. Քաղաքացու, պաշտոնատար կամ այլ անձի գրավոր դիմումը պետք է պարունակի՝
1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
3) դատախազության անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
4) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
5) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
6) դիմումը գրելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը (բացառությամբ դատախազության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված դիմումների):
98. Եթե դիմումը հանձնվում է ներկայացուցչի միջոցով, ապա վերջինս պետք է ունենա oրենքով uահմանված կարգով տրված լիազորագիր:
99. Դատախազությունում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն կարգի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են սույն կանոնակարգի 97-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները:
100. Եթե դիմումը դիմումատուի մասին սույն կանոնակարգի 97-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ կամ 7-րդ ենթակետերով նախատեսված տվյալներ չի պարունակում, ապա այն թողնվում է անհետևանք, որի մասին կազմվում է համապատասխան տեղեկանք:
101. Նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող դիմումն ուղարկվում է համապատասխան մարմնին` ըստ ենթակայության:
102. Այն դիմումները, որոնք չունեն լուծման համար բավարար տվյալներ, եռօրյա ժամկետում վերադարձվում են դիմումատուին` չբավարարող տվյալները լրացնելու առաջարկությամբ, միաժամանակ պարզաբանելով, թե ում է անհրաժեշտ դրա համար դիմել: Դիմումատուի կողմից՝ առաջարկվող լրացմամբ դիմումի կրկին ներկայացման դեպքում, այն քննարկվում է սույն կարգին համապատասխան՝ որպես առաջին անգամ ստացված:
103. Քննարկման ընթացքում առանց դիմումատուի համաձայնության չի թույլատրվում հրապարակել դիմումի (գրագրության) բովանդակությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալները: Տվյալների հրապարակում չի համարվում գրավոր դիմումի ուղարկումն այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի իրավասության մեջ է մտնում դիմումում բարձրացված հարցերի լուծումը:
104. Եթե գրավոր դիմումի տեքստը ընթեռնելի չէ, ապա այդ մասին եռօրյա ժամկետում հայտնվում է դիմումի հեղինակին, եթե նրա անունը, ազգանունը և հասցեն հնարավոր է կարդալ:
105. Եթե դիմումը պարունակում է անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի կյանքին, առողջությանը կամ գույքին ուղղված սպառնալիքներ, ապա դիմումը թողնվում է առանց պատասխանի, ինչի մասին հնգօրյա ժամկետում հայտնվում է դիմումատուին` նշելով իրավունքը չարաշահելու անթույլատրելիության մասին:
Եթե սույն կետում նշված դիմումը պարունակում է առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ապա դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով դիմումն ուղարկվում է ըստ ենթակայության:
106. Դիմումը կարող է թողնվել առանց պատասխանի, եթե այն զուրկ է տրամաբանությունից և իմաստից, կամ ստուգման նյութերում առկա է հոգեկան հիվանդության հետևանքով դիմումատուին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը:
Դիմումն առանց լուծման թողնելու դեպքում դատախազն այդ մասին կազմում է տեղեկանք:
107. Դիմումն առանց պատասխանի թողնելու հարցը լուծում են ստորաբաժանման կամ դատախազությունների ղեկավարները, կամ նրանց համաձայնությամբ՝ ստորադաս դատախազները:
108. Եթե դիմումում (գրագրությունում) բարձրացված հարցերին ըստ էության պատասխան տալ հնարավոր չէ առանց պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելու, ապա դիմումատուին հաղորդվում է իր դիմումում բարձրացված հարցին ըստ էության պատասխան տալու անհնարինության մասին` նշված տվյալները հրապարակելու անթույլատրելիության պատճառաբանությամբ:
109. Դիմումի (գրագրության) լրիվ, օբյեկտիվ և ժամանակին քննարկման համար պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:
110. Յուրաքանչյուր դիմումի (գրագրության) առնչությամբ՝ ստորաբաժանումների և դատախազությունների կողմից, վարույթ ընդունելուց հետո իրականացվում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
1) ընդունվում է վարույթ.
2) վարույթը դադարեցվում է (թողնվում է առանց պատասխանի).
3) լուծման համար ուղարկվում է այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն.
4) լուծման համար ուղարկվում է այլ մարմիններ.
5) կցվում է ավելի վաղ ներկայացված դիմումին.
6) վերադարձվում է դիմողին
7) տրվել է պատասխան:
111. Ստացված դիմումի փաստական հանգամանքները ստուգելու նպատակով, ելնելով նպատակահարմարությունից, այն կարող է ուղարկվել դատախազության համակարգի այլ իրավասու ստորաբաժանում կամ դատախազություն՝ այդ մասին ծանուցելով դիմումատուին:
112. Գլխավոր դատախազությունում ստացված և դատախազության կազմում գտնվող այլ դատախազություն ուղարկված այն դիմումները, որոնցով ստացվել են կրկնակի դիմումներ, ուղարկվում են համապատասխան դատախազություն՝ քննարկման արդյունքների մասին գլխավոր դատախազությանը հայտնելու մասին համապատասխան հանձնարարությամբ, իսկ նույն պահանջով կրկին դիմում ստանալու դեպքում այն քննարկվում է համապատասխան ստորաբաժանումում:
113. Եթե դիմումի քննարկումը վերապահված է դատախազության համակարգի մի քանի դատախազությունների իրավասությանը, ապա եռօրյա ժամկետում դիմումի պատճենն ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում կամ դատախազություն՝ ուղեկցական գրության մեջ նշելով կատարման, արդյունքների ամփոփման և հարցի վերջնական լուծման համար պատասխանատու պաշտոնատար անձին:
114. Այլ մարմինների կամ այլ դատախազության լուծման ենթակա դիմումը, գրանցման պահից եռօրյա ժամկետում, ուղարկվում է ըստ պատկանելության՝ միաժամանակ այդ մասին հայտնելով դիմումատուին:
115. Գրագրության վերահասցեագրումով ուղեկցական նամակները ստորագրում են ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:
116. Դիմումը` քննարկման համար այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձի ուղարկելիս, անհրաժեշտության դեպքում, այդ մարմնից կամ պաշտոնատար անձից կարող են պահանջվել դիմումի քննարկման արդյունքների մասին նյութեր կամ փաստաթղթեր:
117. Արգելվում է քննարկման համար դիմումն ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, բացառությամբ վերադասության կարգով կամ կարգապահական վարույթ իրականացնելու համար իրավասու ստորաբաժանմանը դիմումը քննարկման ուղարկելու հնարավորության դեպքի:
118. Գլխավոր դատախազությունում նախնական քննարկումից հետո, գլխավոր դատախազին զեկուցվում են`
1) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և փոխվարչապետների, Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Սահմանադրական և վճռաբեկ դատարանների նախագահների, Մարդու իրավունքների պաշտպանի, բարձրագույն դատական խորհրդի նախագահի, նախարարների, ինքնավար մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը ենթակա պետական մարմինների ղեկավարների գրագրությունները,
2) գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները և գրագրությունը, որոնցում բողոքարկվում են դատախազության աշխատողների գործողությունները և անգործությունը, ինչպես նաև նրանք, որոնք պարունակում են տեղեկություններ դատախազության աշխատակցի թույլ տված չարաշահումների, իրավախախտումների կամ վարքագծի կանոնների մասին,
3) Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և այլ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց թույլ տված՝ կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ իրավախախտումների փաստերով այլ անձանց գրագրությունը և դիմումները:
119. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից ստացված՝ «անձամբ» նշագրմամբ ծրարները փակ վիճակում փոխանցվում են գլխավոր դատախազին:
120. Գլխավոր դատախազի տեղակալին, ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարներին զեկույցի համար ներկայացվում են համապատասխանաբար իրենց իրավասությանն առնչվող դիմումները և գրագրությունը՝ բացառությամբ սույն կարգի 118-րդ և 119-րդ կետերով նախատեսվածի:
121. Սխալ նշագրման դեպքում, դիմումը՝ իրավասու ղեկավարի մակագրությամբ, իսկ տարաձայնության դեպքում` դատախազի տեղակալի ցուցումով, ստացման պահից եռօրյա ժամկետում, փոխանցվում է այն ստորաբաժանմանը կամ դատախազությանը, որի իրավասությանը վերապահված է դրա լուծումը:
122. Դատախազությունում մուտք եղած դիմումի կամ գրագրության կապակցությամբ համապատասխան դատախազության կողմից, ըստ անհրաժեշտության, ձևակերպվում են հսկողական քարտեր: Հանձնարարությունը մեկ այլ դատախազի փոխանցելու դեպքում հսկողական քարտի վրա կատարվում է համապատասխան նշում:
123. Գլխավոր դատախազությունում քարտի առաջին օրինակը դիմումի հետ փոխանցվում է այն ստորաբաժանմանը, որին հանձնարարված է դրա լուծումը, իսկ երկրորդը` վարչությանը:
124. Դիմումի կամ գրագրության լուծման ընթացակարգը, որն ապահովում է դրանցում արծարծված խնդիրների առավել համակողմանի, անկողմնակալ և արագ լուծումը, որոշվում է դատախազության համակարգի համապատասխան ղեկավար պաշտոնատար անձի կողմից:
125. Ստուգումների ամբողջականությունը և անկողմնակալությունն ապահովելու նպատակով կարող են ներգրավվել մասնագետներ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դիմումատուները:
126. Դիմումի ուսումնասիրման ընթացքում դիմումատուն իրավունք ունի ներկայացնելու հավելյալ փաստաթղթեր և նյութեր, կամ դիմել` դրանք պահանջելու մասին խնդրանքով:
127. Սույն կարգի 118-րդ և 119-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց գրագրությունները վերջնական լուծում են ստանում անմիջականորեն գլխավոր դատախազությունում:
128. Արգելվում է դիմումը կամ գրագրությունը հասցեագրել դրանց լուծման լիազորություններ չունեցող կամ ավելի վաղ դրանց վերաբերյալ վիճելի որոշումներ կայացրած դատախազներին, ինչպես նաև այն դատախազներին, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են:
129. Դիմումում կամ գրագրությունում ներկայացված փաստարկների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու մասին հանձնարարականները ստորադաս դատախազներին տրվում են համապատասխան ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարների կողմից, նշվում են ստուգման ենթակա ճշգրիտ տվյալները և դրանց կատարման ժամկետները:
130. Եթե դատախազը չի կարողացել սահմանված ժամկետում լուծում տալ դիմումին կամ գրագրությանը, ապա ժամկետը լրանալուց 5 օր առաջ ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացնում հանձնարարական տված վերադաս դատախազին՝ նշելով ժամկետի խախտման պատճառները:
131. Ուսումնասիրելով միջնորդության մեջ նշված պատճառները՝ իրավասու պաշտոնատար անձը հնարավորինս սեղմ ժամկետում որոշում է ընդունում դրանք օբյեկտիվ համարելու և սահմանված ժամկետը ողջամիտ ժամկետով երկարացնելու մասին, կամ, ժամկետի երկարացման հետ միաժամանակ, հարցի լուծումը հանձնարարում է այլ դատախազի, կամ մերժում է ժամկետի երկարացումը:
132. Ստորաբաժանումների կամ դատախազությունների ղեկավարները, վերադաս դատախազի հանձնարարականը կատարելիս, հանձնարարականի կատարման մասին տեղեկությանը կցում են նաև ստուգման նյութերը, դատախազական լիազորությունների կիրառման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հսկողական վարույթները:
133. Անհրաժեշտության դեպքում, ստորադաս դատախազներին կարող են հանձնարարականներ տրվել լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին` նշելով ստուգման ենթակա ճշգրիտ խնդիրները և ժամկետները, սակայն այդ դեպքում վերջնական որոշումը կայացնում է հանձնարարական տված դատախազը:
134. Դիմումների ուսումնասիրման և լուծման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան անձանցից սահմանված կարգով պահանջվում են փաստաթղթեր և բացատրություններ:
135. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրագրությունները, որպես կանոն, լուծվում են համապատասխան ստուգումների և նյութերի ուսումնասիրության միջոցով, որի արդյունքում կազմվում է պատճառաբանված եզրակացություն կամ կարծիք: Եզրակացությունը կամ կարծիքը հաստատվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:
136. Դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվում է, եթե դիմումի մեջ նոր փաստեր չեն ներկայացվում, իսկ նախորդ դիմումների պատասխանները լիարժեք են, անկողմնակալ, բազմիցս (2 և ավելի անգամ) ստուգվել են և պատասխաններ են տրվել սույն կարգով նախատեսված դատախազության իրավասու պաշտոնատար անձի կողմից:
137. Թղթակցությունը դադարեցվում է դիմումն ուսումնասիրողի պատճառաբանված եզրակացության հիման վրա, որը հաստատվել է գլխավոր դատախազի տեղակալը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազություններում՝ համապատասխան դատախազությունների ղեկավարները:
138. Դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել հետևյալ որոշումներից մեկը.
1) «բավարարված է», որը նշանակում է, որ կիրառված են միջոցներ` դիմումատուի իրավունքների լիարժեք կամ մասնակի վերականգնման համար.
2) «բավարարված է կրկնակի դիմումը», այն դիմումի վերաբերյալ, որում բողոքարկվում է դատախազի որոշումը՝ ավելի վաղ տրված դիմումի բավարարման վերաբերյալ.
3) «մերժել», եթե դիմումի մեջ ներառված պահանջները ճանաչվում են անհիմն.
4) «պարզաբանված է», այն դիմումի վերաբերյալ, որում որևէ պահանջ կամ միջնորդություն առաջադրված չէ, որի կապակցությամբ իրավական բնույթի պարզաբանումներ են տրվել կամ որում, թեև, պահանջ առաջադրված է, սակայն քաղաքացուն տրվել է տեղեկություն դրա կատարման և ընթացքում գտնվելու վերաբերյալ.
5) «ընդունված է այլ որոշում», երբ դիմումը լուծված չէ, կցված է քրեական գործերի նյութերին (հսկողական վարույթ).
6) «ուղարկված է», երբ եռօրյա ժամկետում դիմումն ուղարկվել է այլ ստորաբաժանում, դատախազություն կամ այլ գերատեսչություն` ըստ պատկանելության:
139. Դիմումները կամ գրագրությունը լուծելիս` փաստերը, որոնք ուժի մեջ են մտել դատարանի վճռի կամ որոշման հիման վրա, կրկնակի ապացուցման կարիք չունեն, եթե նոր երևան եկած հանգամանքներ չեն բացահայտվել:
140. Դիմումատուին` իր խնդրանքով, կարող է հնարավորություն տրվել ծանոթանալու դիմումի ուսումնասիրման հետ կապված փաստաթղթերին և նյութերին, եթե դա չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները, կամ, եթե նյութերը և փաստաթղթերը չեն պարունակում պետական կամ օրենքով պաշտպանվող գաղտնի այլ տեղեկություն:
141. Դիմումատուին՝ փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն տալու գրավոր որոշում կարող են ընդունել գլխավոր դատախազը, գլխավոր դատախազի տեղակալը, ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարը:
142. Դատախազության աշխատողը դիմումատուին ծանոթացնելով փաստաթղթերին՝ այդ մասին կազմում և հսկողական վարույթին է կցում տեղեկանք՝ նշելով ծանոթացված նյութերի և փաստաթղթերի անվանումները:
143. Դիմումներն ու գրագրությունն ուսումնասիրվում և լուծում են ստանում դատախազությունում գրանցվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
144. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրագրությունները` կախված դրանց ծավալից, նշանակությունից և բարդության աստիճանից, ուսումնասիրվում ու լուծում են ստանում գրանցման օրվանից մինչև 15, իսկ առանձին դեպքերում՝ 30 օրվա ընթացքում կամ գրագրության հեղինակի հետ համաձայնեցված ժամկետում:
145. Այն գրագրությունները, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են այլ ժամկետներ, կամ սահմանված է կոնկրետ կատարման ժամկետ, ուսումնասիրվում և լուծում են ստանում համապատասխան ժամկետում:
146. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և այլ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց գրագրությունը, ինչպես նաև հատկապես կարևոր հարցերով հատուկ հսկողության տակ վերցված դիմումները, ուսումնասիրվում և լուծում են ստանում հնարավոր սեղմ ժամկետում, եթե գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կամ ստորաբաժանումների ղեկավարների կողմից այլ ժամկետ սահմանված չէ:
147. Դիմումի կամ գրագրության լուծման ժամկետը հաշվարկվում է դատախազությունում դրա գրանցման օրվանից: Դիմումի կամ գրագրության ժամկետը հաշվարկվում է ըստ օրացուցային օրերի: Եթե դիմումի կամ գրագրության լուծման համար սահմանված վերջնաժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
148. Դիմումի կամ գրագրության ուսումնասիրությունը և լուծումն ավարտելու ժամկետ է համարվում ընդունված որոշման մասին դիմումատուին գրավոր տեղեկացնելու օրը:
149. Լրացուցիչ ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու, նյութերի վերաբերյալ հարցումներ կատարելու անհրաժեշտության կամ այլ բացառիկ դեպքերում, դիմումին կամ գրագրությանը լուծում տալու ժամկետը երկարացվում է վերադաս դատախազի կամ նրա տեղակալի կողմից, միաժամանակ հեղինակներին տեղեկացնելով պատասխանի ուշացման պատճառների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ՝ այդպիսի որոշում կայացվելուց հետո` երեք օրվա ընթացքում:
150. Դիմումը կամ գրագրությունը համարվում է լուծված և հանվում է հսկողությունից միայն այն դեպքում, եթե ուսումնասիրվել են դրանում արծարծված բոլոր խնդիրները, իրականացվել են դրանց համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և հեղինակներին տրվել են սպառիչ պատասխաններ, կամ եթե միջազգային-իրավական համագործակցության շրջանակներում դիմումը վերահասցեագրվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին:
151. Դիմումի պատասխանը, որը կապված է քրեական գործերի քննության հետ, տրվում է գործի քննության ավարտից հետո, կամ այնպիսի ձևակերպմամբ, որը բացառում է նախաքննության գաղտնիության բացահայտումը:
152. Դիմումը մերժելու դեպքում, դիմումատուին ուղարկվում է պատճառաբանված պատասխան, որը պետք է լինի հիմնավորված և հասկանալի: Պատասխանի մեջ տրվում է դիմումի փաստական հանգամանքների լիարժեք գնահատականը:
153. Դիմումը մերժելու որոշումն ընդունում է այն լուծող դատախազը:
154. Մեկից ավելի անձանց կամ հեղինակների ստորագրությամբ դիմումների կամ գրագրության ստացման դեպքում, ստուգումների արդյունքների վերաբերյալ պատասխաններն ուղարկվում են նրանցից յուրաքանչյուրին:
155. Դիմումատուների կամ գրագրության հեղինակների պատասխանների հետ, ըստ պատկանելության, պարտադիր կարգով վերադարձվում են պահանջված փաստաթղթերը՝ պահելով դրանց լուսապատճենները:
156. Յուրաքանչյուր դատախազության վարչական շենքում` այցելուների համար հասանելի վայրերում տեղադրված է դիմումների, բողոքների, հայտարարությունների, առաջարկությունների և այլ գրագրությունների համար նախատեսված արկղ:
157. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությանը վերաբերող դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման հետ կապված հարաբերությունների վրա: