ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Դատախազության մասին

Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն  ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»:    Սույն օրենքը, մասնավորապես, սահմանում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես գործում են նախկին Ռուսական կայսրության օրենքները՝ ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի, Սեյմի եւ Հայաստանի խորհրդի փոփոխություններով ու լրացումներով: Նույն օրը Հայաստանի  Խորհուրդն ընդունեց նաեւ օրենք՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին: Դատախազությունը գործում էր դատական համակարգին առընթեր:

Որպես առանձին ստորաբաժանում դատախազությունը Հայաստանում առաջին անգամ կազմավորվել է Խորհրդային կարգերի հաստատումից հետո: Խորհրդային Ռուսաստանի օրինակով՝ Հայաստանի ամբողջ տարածքում միասնական օրինականության հաստատումը եւ հանցավորության դեմ պայքարի կազմակերպումը հանձնարարվեց 1922 թվականի հուլիսի 22-ին ստեղծված ՀԽՍՀ դատախազությանը: Սակայն որպես առանձին կառույց այն ունեցավ շատ կարճ կյանք.1922 թվականի դեկտեմբերին՝ Խորհրդային Միության ձեւավորմամբ միութենական այլ պետական մարմինների շարքում հիմնվեց նաեւ ԽՍՀՄ Գերագույն դատարանի դատախազությունը եւ ՀԽՍՀ դատախազությունը դարձավ այդ մարմնին ենթակա՝ Խորհրդային Հայաստանի ստորաբաժանումը:

1924 թվականին ընդունված ԽՍՀՄ Սահմանադրությունը դատախազության վրա դրեց երկրի ողջ տարածքում «հեղափոխական օրինականության հաստատման պատասխանատվությունը»: 1927 թվականին քննչական ամբողջ ապարատը դատարանից փոխադրվեց հանրապետության դատախազական մարմիններ:

1933 թվականի հուլիսի 20-ին ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի եւ Ժողովրդական կոմիսարների Խորհրդի համատեղ որոշմամբ հիմնադրվեց ԽՍՀՄ դատախազությունը, որի կառուցվածքային ստորաբաժանումներն էին միութենական հանրապետությունների դատախազությունները: Նույն թվականին հաստատվեց միութենական դատախազության Կանոնադրությունը, որով հստակեցվեցին ԽՍՀՄ դատախազության գործառույթները,  ԽՍՀՄ գլխավոր դատախազի եւ միութենական հանրապետությունների դատախազների փոխհարաբերություններն ու դատախազական  մարմինների, այդ թվում՝  ՀԽՍՀ դատախազության, գործունեության եւ ղեկավարման ձեւերն ու սկզբունքները:

1937 թվականին ընդունված Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը նկատելիորեն բարձրացրեց դատախազական հսկողության դերն ու նշանակությունը, հստակեցրեց եւ ամրագրեց դատախազության կառուցվածքը  որպես միասնական, կենտրոնացված համակարգ, որը գործում էր ԽՍՀՄ դատախազի գլխավորությամբ: ՀԽՍՀ Սահմանադրությունը սահմանում էր. «ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատներին ենթակա հաստատությունների, ինչպես նաեւ առանձին պաշտոնատար անձանց ու անհատ քաղաքացիների կողմից ՀԽՍՀ տարածքում օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ բարձրագույն հսկողությունն իրականացվում է թե՛ ԽՍՀՄ դատախազի կողմից անմիջապես եւ թե՛ ՀԽՍՀ դատախազի միջոցով»:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1959 թվականի փետրվարի 27-ի հրամանագրով ինչպես ԽՍՀՄ դատախազությունում, այնպես էլ միութենական հանրապետությունների դատախազություններում ստեղծվեցին կոլեգիաներ: Այդ հրամանագրին համապատասխան Հայաստանի դատախազությունում եւս ստեղծվեց կոլեգիա՝ հանրապետության դատախազի նախագահությամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակելով իր անկախությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական եւ այլ ակտերի գործողությունը երկրի տարածքում կշարունակվի այնքանով, որքանով չեն հակասում անկախության Հռչակագրի իդեալներին: Սկզբունքներին չհակասող իրավական ակտերի թվին դասվեց նաեւ «Դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքը եւ նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, մինչեւ նոր օրենքի ընդունումը, իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում էին հենց այդ օրենքով:

ՀՀ դատախազության գործունեությունը կանոնակարգող ազգային օրենսդրության ստեղծման առաջին քայլերից է  ՀՀ դատախազության կառուցվածքում որպես առանձին ստորաբաժանում զինվորական դատախազության կազմավորումը, որը տեղի ունեցավ 1992 թվականի հոկտեմբերի 5-ին:  Իսկ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը, որի 103-րդ հոդվածը սահմանում է դատախազության լիազորությունների եւ խնդիրների շրջանակը:  Դատախազության մասին ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, որը գործողության մեջ մտավ 1999 թվականի հունվարի 12-ից: 1999 թվականի սկզբներին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ձեւավորվեցին հանրապետության դատախազության նոր կառուցվածքային ստորաբաժանումները՝ գլխավոր դատախազությունն իր բաժիններով եւ վարչություններով, մարզերի, Երեւան քաղաքի  եւ Երեւան  քաղաքի համայնքների, ինչպես նաեւ  կայազորների  զինվորական դատախազությունները:

1999 թվականի փետրվարի 23-ին բացվեց ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը՝ դառնալով դատախազական, քննչական կադրերի վերապատրաստման եւ գիտամեթոդական հետազոտությունների իրականացման հեղինակավոր հաստատություններից մեկը հանրապետությունում: Այն ինստիտուցիոնալ բնույթ ստացավ, երբ 2007 թվականին օրենքի ուժով ստեղծվեց «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործեց մինչև 2013 թվականը, երբ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ  հիմնադրվեց Արդարադատության ակադեմիան:

Դատախազության պատմական առաքելությունն ու ավանդույթները, համակարգի խորհրդանշական դիմագիծն ամբողջականացնելու, դատաիրավական համակարգում դատախազների բացառիկ գործառույթային նշանակությունն արժևորելու առումով բացառիկ էր 2003 թվականը: Նախ՝ ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 25-ի հրամանով հաստատվեց «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանը: Ապա ՀՀ Կառավարության մարտի 7-ի որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվեց դատախազության աշխատողի օր: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ նույն տարվա հունիսի 16-ի հրամանով սահմանվեց ՀՀ դատախազության խորհրդանիշը:

2006 թվականի մարտի 1-ից սկսեց գործել ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքը՝ որպես Դատախազության գործունեության և դրա արդյունքների պատշաճ հրապարակայնության ապահովման, հասարակության հետ ամենօրյա հաղորդակցության արդյունավետ և անմիջական միջոց:    

Դատախազությունը պետական ինստիտուտների զարգացմանը զուգընթաց՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ մշտապես ենթարկվել է բարեփոխումների: Այս իմաստով համակարգի վրա զգալի ազդեցությունն են ունեցել հատկապես 2005 և 2015թթ. տեղի ունեցած հանրաքվեներով ընդունված ՀՀ Սահմանադրական փոփոխությունները:

Մասնավորապես 2005թ. սահմանադրական փոփոխություններով սահմանվեց, որ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Բացի դրանից, հիմնական օրենքով հստակեցվեց դատախազության սահմանադրական գործառույթների հստակ շրջանակը: Դրանց հիման վրա 2007 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ դատախազության մասին» նոր օրենքը որն ուժի մեջ մտավ 2007 թվականի մայիսի 1-ից: Արդյունքում նույն տարվա ընթացքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ գլխավոր դատախազը նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի ընտրությամբ՝ ՀՀ նախագահի ներկայացմամբ:

Այս օրենքի հիմնական առանձնահատկություններից էին  դատախազությունից քննչական գործառույթների անջատումը, դատախազության գործունեության հրապարակայնության, դատախազի ինքնուրույնության և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների ամրագրումը, ՀՀ գլխավոր դատախազին կից էթիկայի և որակավորման հանձնաժողովների ձևովորման իրավական հիմքերի ստեղծումը:

Մտցվեց  պետական ծառայության նոր տեսակ՝ դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը: Այդ նպատակով ստեղծվեց դատախազությանը սպասարկող օղակ` ի դեմս «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, որում իրականացվում է պետական ծառայության հատուկ տեսակ` Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը:

Սրանք կարևոր քայլեր էին ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության գործառույթային և կարգավիճակային անկախությունը նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Վերջինիս լրջորեն նպաստեցին ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ.  ռազմավարական ծրագրից բխող միջոցառումները: Բացի դատախազության անկախության և հաշվետվողականության ապահովումից, դրանք ուղղված էին նաև, դատախազների վերադասության հարաբերությունների, քրեաիրավական ոլորտից դուրս դատախազության դերի հստակեցմանը, դատախազների կարգապահական պատասխանատվության կառուցակարգերի բարելավմանը:

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններն էլ ավելի հստակեցրին ՀՀ դատախազության տեղը իշխանության թևերի առանցքում: Թեպետ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով դատախազությունը  մտցված էր դատական իշխանության առանձին  գլխում, սակայն բոլորին ակնհայտ էր, որ դատախազությունը մեծ հաշվով   արդարադատություն իրականացնող մարմին չէ: Հենց այդ պատճառով էլ,   ի շարս օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ՀՀ 2015 թվականի վերափոխված ՀՀ Սահմանադրության մեջ հատկացվեց առանձին՝ 8-րդ գլուխ՝ «Դատախազությունը և քննչական մարմինները» վերտառությամբ: Նորացված Սահմանադրությունամբ նախատեսվեց, որ ՀՀ դատախազությունը միայն բացառիկ դեպքերում և կարգով կարող է  պետական շահերի պաշտպանության հայց հարուցել  դատարան:

Սրանով, խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատություններին համապատասխան, լայն իմաստով պետականաշինության համատեքստում բյուրեղացվեց, ընդգծվեց ՀՀ դատախազության ինքնատիպությունը, առաքելությունն ու պատասխանատվության շրջանակը: