ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին. Դատարանը բավարարել է Դատախազության հայցը

01/08/2025

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։

 

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Երևան համայնքին կվերադարձվի Արամի 32 հասցեում գտնվող՝ 943.602.000 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2859.4 քմ մակերեսով հողամասը:

 

Վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասն օտարվել է կառուցապատման համար, սակայն սեփականատերը չի իրականացրել կառուցապատման աշխատանքներ, կառուցապատման համար տրամադրված հողամասը երեք տարուց ավելի չի օգտագործել և չի օգտագործում հողամասի օտարման նպատակին համապատասխան:

 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ևս երկու հայց է ներկայացրել դատարան՝ նախկին «Մանկական աշխարհ»-ի շենքն ու հողամասը համայնքի վերադարձնելու պահանջների մասին. գույքերի վրա արգելանք է կիրառված: