ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվեց ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան

19/06/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին:

 

Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև 2024 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված՝ մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:

 

Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին Գլխավոր դատախազությունում Իրավաբանական լաբորատորիա բացելու կապակցությամբ: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Լաբորատորիան տեսական գիտելիքի և պրակտիկ աշխատանքի «հանդիպման վայր» է, ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ նախատեսվում է կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:

 

«Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ հատկապես բարձր կուրսերի ուսանողները, ովքեր արդեն որոշակի գիտելիք ունեն, կկարողանան իրենց տեսական գիտելիքները կատարելագործել, շփվել դատախազների հետ, մասնակցել վարպետաց դասերի: Դատախազությունը ձգտում է իր դռները բացել լավագույնների համար: Մենք մեկ չափանիշ ունենք՝ ընտրել լավագույններին, ընտրել բարեվարքներին»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:

 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ միայն տեսական և պրակտիկ գիտելիքի համադրումը կարող է արդյունք տալ։ «Տարբեր մասնագիտությունների գծով փորձում ենք ունենալ նման հարթակներ, մեր ուսանողներին ուղարկել արտադրական պրակտիկայի՝ տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ, այդ թվում՝ Դատախազություն։ Մեր շատ ուսանողներ պրակտիկա են անցնում պետական մարմիններում, բայց սա բոլորովին այլ մոտեցում է, երբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը հենց Գլխավոր դատախազությունում է, և ուսանողները հնարավորություն են ունենալու շփվելու դատախազների հետ»,- ընդգծել է ԵՊՀ ռեկտորը:

 

«Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիս Պարնագիանն էլ շեշտել է, որ Միությունը հպարտ է համագործակցել և աջակցել նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով՝ Միությունում բազմաթիվ տաղանդավոր քրեական և այլ ոլորտների փաստաբաններ կան, որոնք կարող են համագործակցել Լաբորատորիայի հետ։

 

Հավելենք, որ Լաբորատորիայի շրջանակներում նախատեսվում է  նաև կազմակերպել փորձի փոխանակում՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ: