Նորություններ
16/12/2024
Հայաստանի գլխավոր դատախազության կազմում 2021 թվականին ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը շարունակում է ընդլայնել իր գործառույթները՝ ներդնելով նոր գործիքակազմեր և համալրվելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իրավական նոր գործիքակազմերին, մարտահրավերներին և ձեռքբերումներին:
-Պարոն Արսենյան, կոռուպցիան համարվում է ժամանակակից պետությունների ամենամեծ մարտահրավերներից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում այս ոլորտում Հայաստանի վիճակը և ձեր վարչության դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
-Կոռուպցիան՝ որպես ժամանակակից գրեթե բոլոր պետությունների առջև ծառացած մեծագույն խնդիր, խարխլում է պետության ներսում իրավունքի գերակայության և ժողովրդավարության հիմքերը, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, տնտեսության աճին և զարգացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը և ամրապնդմանը, անդառնալի բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Ուստի, մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, միևնույն ժամանակ կարևոր հրամայական:
Նախ և առաջ, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին առկա են բազմաթիվ մարտահրավերներ. կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ քննվող վարույթները հանդիսանում են բարդ, բազմադրվագ, պահանջում են որոշակի մասնագիտացում, կոռուպցիոն ոլորտի առանձնահատկություններին բնորոշ գործիքակազմի ներդրում:
-Կարո՞ղ եք մանրամասն ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի համար կիրառվող նոր մեխանիզմները:
-Որպես կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ արդարադատության արդյունավետ իրականացման գործիքակազմ՝ կարելի է առանձնացնել հեռակա վարույթը կամ մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը ինքնին նորույթ է՝ քրեադատավարական նոր լուծումներով, որոնք առանցքայնորեն տարբերվում են մինչ նշված ինստիտուտի ներդրումը Քրեական դատավարության օրենսգրքի կողմից որդեգրած սկզբունքներից և իրավակարգավորումներից: Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ` հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար: Արմատական փոփոխությունների սկիզբ դնող այս ինստիտուտի նախատեսումը ևս մեկ քայլ առաջընթաց է դեպի կոռուպցիայի դեմ պայքարի նոր և առավել արդյունավետ շրջափուլ, որտեղ հանցանք կատարած անձը, որը խուսափում է քննությունից, չի ազատվում քրեական պատասխանատվությունից:
Կցանկանամ նշել, որ իմ կողմից ղեկավարվող վարչության գործերով արդեն իսկ 4 քրեական գործող իրականացվում է հեռակա դատաքննություն:
Որպես նոր ներդրված ինստիտուտ անդրադառնամ նաև համագործակցության և համաձայնեցման վարույթներին:
Մասնավորապես՝ համաձայնեցման վարույթը հնարավորություն է տալիս այն պարագայում, երբ մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները, հանրային մեղադրող, պաշտպան և մեղադրյալ» բանակցությունների ձևաչափով երկկողմանի ընդունելի պատժատեսակի, պատժաչափի շուրջ համաձայնեցման ձեռք բերման պայմաններում առանց դատարանում ապացույցների հետազոտման և առանց դատավարության մասնակիցներին լրացուցիչ ծանրաբեռնելու ավարտել քրեական գործը՝ մեղադրական դատավճռի կայացմամբ:
Ինչ վերաբերում է համագործակցության վարույթին, ապա նշեմ, որ այն կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, կարող է նախաձեռնվել միայն մեղադրյալի կողմից մինչդատական համաձայնագիր կնքելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելու դեպքում:
Տարբերակված այս վարույթը կարելի է բնորոշել՝ որպես ի շահ արդարադատության պետության և մեղադրյալի միջև կնքված վարութային գործարքի քննություն: Այն երկուստեք ձեռնտու ընթացակարգ է, քանի որ պետությունը որոշակի հանցագործություններ բացահայտելու և դրանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում նվազ վտանգավորության հանցանք կատարած անձից ստանում է վարութային օժանդակություն: Իր հերթին, վարութային օժանդակություն ցուցաբերած անձին երաշխավորում է անհամեմատ ավելի մեղմ պատժի նշանակում:
-Կարո՞ղ եք նշել վարչության աշխատանքների արդյունքները այս տարվա ընթացքում:
-2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից նախաձեռնվել է ընդհանուր 816 քրեական վարույթ:
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին տրվել է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ 26 հանձնարարություն՝ քննիչի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու վարութային ակտի ոչ իրավաչափ լինելու մասին եզրահանգման հիման վրա, ինչը վկայում է հսկող դատախազների կողմից քաղաքացիների կողմից կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ դեպքերով ներկայացված հաղորդումների պատշաճ ուսումնասիրման և յուրաքանչյուր առերևույթ հանցանքի կապակցությամբ քրեադատավարական ողջ գործիքակազմը ներդնելու մասին:
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատավարական ղեկավարում է իրականացվել շուրջ 2000 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ:
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 131 քրեական վարույթ՝ 287 անձի վերաբերյալ:
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով` 140 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ (Դատախազության կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ):
2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական գործերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 957.776.060 ՀՀ դրամ։
Ավարտված գործերով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում կանխիկ գումարով վերականգնվել է 532.568.303 ՀՀ դրամ:
- Ի՞նչ դեր ունի ձեր վարչությունը կոռուպցիոն շղթաների և սխեմաների բացահայտման գործում:
- ՀՀ դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն: Վերջին շրջանում շատ բարձրաձայնված՝ նշված բնույթի հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձն իրապես զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ, օժանդակել է իր կողմից կատարված հանցանքին մասնակցություն ունեցող այլ անձանց բացահայտմանը, և որ ամենակարևորն է, հատուցել է իր կողմից կատարված հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:
Որպես օրինակ, կաշառք տալու հանցանքի կատարման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս՝ Դատախազության կողմից ընդունելի է վերջինիս գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը, քանի որ դատախազի բացառիկ այս լիազորության գործադրման շրջանակներում անձի նկատմամբ, այսպես կոչված, խրախուսական» վերաբերմունքի դրսևորման արդյունքում հաջողվում է բացահայտել կաշառք ստացողին, կաշառքի միջնորդին, նշված հանցանքին այլ անձանց դերակատարմանը վերաբերող տվյալներ։
Նման մոտեցման պայմաններում նաև զգալիորեն թոթափվում է դատարանների ծանրաբեռնվածությունը, առավել քիչ թվով վարույթներ են ուղարկվում դատարան:
- Հաճախ քննարկվում է փողերի լվացման դեմ պայքարի մարտահրավերների հարցը: Ի՞նչ մոտեցումներ են կիրառվում այս ոլորտում:
-Նախկինում գործող քրեաիրավական նորմերի գործողության ընթացքում մի շարք քրեական վարույթների շրջանակներում մեծ թվով ակտիվների ոչ օրինական ճանապարհով ստացված լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում անձին քրեական պատասխանատվության ենթարկելն անհնարին էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փողերի լվացման շղթայի սկզբնահատվածում կատարված հանցանքի մասին բավարար ծավալի տվյալների բացակայության պատճառով անձին հնարավոր չէր դատապարտել նախորդող հանցանքի կատարման համար: Մինչդեռ, ներկայիս գործող Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշմամբ ամրագրել են կարևորագույն թեզն առ այն, որ փողերի լվացման համար անձին պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ընդամենը փաստել, որ նշված գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ինչն ամենևին չի ենթադրում նախորդող հանցանքի (պրեդիկատի) քրեաիրավական հատկանիշների ճշգրիտ նկարագրություն:
Փողերի լվացման վերաբերյալ առկա միջազգային-իրավական փաստաթղթերի, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Աշոտ Սուքիասյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ փողերի լվացումն անհրաժեշտ է դիտարկել որպես ինքնավար բնույթ ունեցող հանցավոր արարք, որի համար պատասխանատվությունը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել նախորդող հանցագործության համար նախկին կամ միաժամանակյա դատապարտմամբ, նախորդող հանցագործությունն ապացուցված և դրա քրեաիրավական հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով: Ավելին՝ փողերի լվացման հանցակազմի ինքնավար բնույթը ենթադրում է, որ նախորդող քննությունը, որպես այդպիսին, փողերի լվացման ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքների քննության նպատակը չէ, իսկ այն մոտեցումը, ըստ որի փողերի լվացումը քննվում է միայն որպես նախորդող հանցագործության գործերով իրականացվող քննության մաս, այլևս կենսունակ չէ:
Այսինքն, Վճռաբեկ դատարանը որդեգրել է անուղղակի ապացուցման մեթոդը, որի համաձայն՝ նախորդող հանցագործության վերաբերյալ ուղղակի ապացույցների բացակայության պայմաններում գույքի հանցավոր ծագումը կարելի է հաստատված համարել անուղղակի ապացույցների համակցության համադրման և վերլուծության արդյունքում: Այլ կերպ, վարույթն իրականացնող մարմնից պահանջվում է միայն այնպիսի փաստական տվյալների ներկայացում, որոնք ողջամտորեն կվկայեն փողերի լվացմանը նախորդող արարքի հանցավոր լինելու մասին:
Փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար պահանջվում է ավելի նվազ փաստական տվյալների ներկայացում, որոնք առերևույթ կվկայեն փողերի լվացմանը նախորդող արարքին անձի առնչության մասին (օրինակ՝ գումարների հանցավոր ծագման մասին կարող են վկայել ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրինական եկամուտների անհամապատասխանությունն իրենց պատկանող գույքին, քարտային խարդախություններում ներգրավված լինելու մասին վկայող հանգամանքները, իրականացված գործարքների կամ դրանց փորձերի տեսակները և ծավալներն ակնհայտորեն չեն համապատասխանում դրանք կատարած անձանց գործարար բնութագրերին և այլն): Ընդ որում, գույքի՝ հանցավոր ճանապարհով ծագած լինելու մասին ողջամտորեն վկայող հանգամանքներ կարող են հանդիսանալ, օրինակ, ենթադրյալ հանցանք կատարած անձի եկամուտների և ակտիվների հարաբերակցությամբ քննության առարկա գույքի անհամաչափ բարձր արժեքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փողերի լվացման գործերով խափանման միջոց կալանավորման համար անհրաժեշտ և կասկածի հարցը քննարկելիս նախորդող հանցագործության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության հարցին անդրադառնալը չպետք է վերածվի նախորդող հանցագործության (delictum principale) մեղադրանքի օրինականության և հիմնավորվածության ստուգողական գործողության, ինչը դուրս է այդ պահին դատարանի առջև դրված խնդիրների և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից, ուստի և փողերի լվացման հանցակազմով հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ անմիջականորեն փաստելու անձի/անձանց արարքում նախորդող հանցակազմի առկայությունը կամ բացակայությանը:
- Պարոն Արսենյան, կոռուպցիոն հանցագործությունների թվի աճը վկայում է կոռուպցիայի մակարդակի բարձրացման մասի՞ն, թե՞ դա մասնագիտացված մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի արդյունք է։
-Կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտային բնույթ և այդ դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաև մասնագիտացված սուբյեկտների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում դրանց հայտնաբերման, բացահայտման և կանխման գործառույթով: Այս համատեքստում կարևոր է արձանագրել նաև այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցանքների բացահայտման մեջ մեծ դերակատարում ունեն թե՛ մասնագիտացված նախաքննական մարմինը, և թե՛ այդ մարմնի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները:
Մասնավորապես, արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ այդ մարմինների ճշգրիտ և պլանավորված աշխատանքի արդյունքում քրեական վարույթներով պատշաճ և ժամանակին կատարված ապացուցողական գործողություններով ձեռք են բերվել փաստական տվյալներ այլ ենթադրյալ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Բացի այդ, կոռուպցիոն հանցանքների թվի աճը պայմանավորված է նաև Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ ստորաբաժանման ձևավորմամբ, նկատի ունենալով, որ հանցագործությունների, հատկապես բարձր լատենտայնությամբ օժտված կոռուպցիոն առանձին հանցագործությունների բացահայտումը և քննության արդյունավետությունը մեծապես կախված է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների համակցված իրականացմամբ: