Հրապարակվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթի խնդիրը
Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպվող «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի շրջանակում, հրապարակում է Դատախաղ-մրցույթի խնդիրը, կիրառելի հիմնական իրավական աղբյուրների շրջանակը, գրավոր աշխատանքների ձևանմուշը, ինչպես նաև՝ դատախաղի փոփոխված ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին:
Թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել 2026 թվականի սեպտեմբերի 16-ը:
«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է 15 հայտ:
Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկել իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։
Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։
Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի Հայցվորի և Պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։
Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։