Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Քաղաքացիների ընդունելություն

Դատախազությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է քաղաքացու ընդունելության վերաբերյալ դիմումի հիման վրա, որը, ի թիվս այլնի, կարող է ներկայացվել նաև Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստին (info@prosecutor.am)Դիմումը քննարկում և դրա հիման վրա ընդունելությունն իրականացնում է գործը հսկող դատախազը կամ Հայաստանի Հանրապետության դատախազության այն պետական ծառայողը, որին ուղղված է դիմումը:

Վերադաս դատախազի կողմից ընդունելություն իրականացնելու դեպքում՝ ընդունելությանը մասնակցում է այն դատախազը, որն իր լիազորությունների սահմաններում դատավարական ղեկավարում, դատախազական հսկողություն, վերահսկողություն է իրականացնում կամ ապահովում է դատախազական վերահսկողությունը դիմումատուին առնչվող քրեական վարույթի նկատմամբ կամ մեղադրանք է պաշտպանում դատարանում կամ լուծում է դիմում-բողոքի ընթացքը:

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելիս, ինչպես նաև դիմում-բողոքի ընթացքը լուծելիս, դատախազն իր նախաձեռնությամբ կարող է քաղաքացուն հրավիրել ընդունելության (այսուհետ` հրավիրված անձ), որի դեպքում հրավիրված անձի կողմից ընդունելության վերաբերյալ դիմում չի ներկայացվում:

Դիմումը սահմանված կարգով ստանալուց հետո, ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված լինելու դեպքում՝ ՀՀ դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժինը, այլ դատախազությունների դեպքում՝ հսկող դատախազը դիմումատուի հետ կապվելով հեռախոսով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով վերջինիս հետ համաձայնեցնում է ընդունելության օրը և քննարկվելիք հարցերի շրջանակը:

Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը: