Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը թողարկել է հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կառուցման 90-ամյակին։Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակին և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում Երևանում մեկնարկած միջազգային համաժողովի ժամանակ՝ հավելելով, որ հուշանվերի թողարկման մասին հանրայնացումը կատարվում է Հուլիսի 1-ին՝ ի թիվս այլնի, արժևորելով կառույցի ճարտարապետական և պատմամշակութային նշանակությունը: «2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործը՝ այն դիտարկելով որպես պետական ինստիտուտների պատմության և ինքնության անբաժանելի մաս։
Հուշանվերի վրա պատկերված է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը, որը կառուցվել է 1936 թվականին՝ անվանի ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով։
Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։