Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատախազի որոշմամբ վերացվել է, Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ

հունիսի 10, 2016
 2016թ. հունիսի 1-ի որոշմամբ  Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը  Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:  
 Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից  քննիչին տրվել է ցուցում՝  անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
 Տրված ցուցումների կատարման արդյունքում՝  նշված գործերը միացվել են մեկ վարույթում և հունիսի 10-ին  որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
 Դատախազի նույն օրը կայացված որոշումներով Ա. Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ  Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
 Որոշումների պատճեններն ուղարկվել են  քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին: