Խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում
Դատարաններում մեղադրանքի պաշտպանության, դատավճիռների, որոշումների բողոքարկման աշխատանքների կազմակերպման ու արդյունավետության բարձրացման արդիական հիմնահարցերի քննարկմանն էր նվիրված Հանրապետության գլխավոր դատախազությունում 2006 թվականի մայիսի 20-ին կայացած խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների և մարզերի դատախազությունների մեղադրանքի պաշտպանության գործառույթներ իրականացնող աշխատակիցները: Խորհրդակցությունում, որում զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Արմեն Աշրաֆյանը, մասնավորապես նշվեց, որ մրցակցային դատավարության պայմաններում կարևորելով դատարաններում մեղադրանքի որակյալ պաշտպանության և դատական քննությանը դատախազների արդյունավետ մասնակցության ապահովման, ինչպես նաև դատավճիռների ու որոշումների բողոքարկման աշխատանքների բարելավման խնդիրը` անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել մեղադրանքը պաշտպանող դատախազների ինչպես տեսական այնպես էլ գործնական պատրաստվածությանը, միասնական պատժողական քաղաքականության իրականացմանը նպաստելը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների որակին, այն հաշվով, որ դրանք ներկայացվեն միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Խորհրդակցությունում վերլուծության ենթարկվեց նաև վերջին տարիների դատական պրակտիկան, դատարաններում մեղադրանքի պաշտպանությունը իրականացնող դատախազներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, որոնք անմիջականորեն բխում են մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստից և քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերին և խնդիրներին առնչվող միջազգային փաստաթղթերի հանձնարարականներից:
ՀՀ գլխավոր դատախազության
հասարակական կապերի և
լրատվության բաժին
ՀՀ գլխավոր դատախազության
հասարակական կապերի և
լրատվության բաժին