Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոց

ապրիլի 23, 2026

2025 թվականի ընթացքում Դատախազության բացառիկ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ: Գույքերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ է:

 

Դատախազությունը տեղեկացրել էր, որ վերլուծվել են 2018-2025 թվականների ընթացքում, ապօրինի գույքի վերադարձի շրջանակում, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները:

 

Մասնավորապես՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը վերադարձվել է վերջին երեք տարիներին՝ 2023-2025 թվականներին:

 

Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: