Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը

հունվարի 24, 2014

 Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ  իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ <<չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին>>: 
ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը, գլխավոր դատախազությունը կարևորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ  ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից:  
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իր նկատառումները <<Ազգային ժողովի կանոնակարգ>>, Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, և <<Դատախազության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ, գտնելով, որ  Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ: Մասնավորապես այդ հարցադրումները առնչվում են սահմադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության և հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին:
Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման և բարձրացրած հարցերի  շուրջ ծագած հակասական մեկնաբանությունները, և խուսափելու համար հետագա թյուրըմբռնումներից, ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ կառավարություն  ներկայացրած ամբողջական պատասխանը: