Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Հայաստանի Դատախազությունն ու Ռուսաստանի Դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը

դեկտեմբերի 10, 2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում:

 

ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և Համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանը բարձր է գնահատել Համալսարանի հետ առկա համագործակցության մակարդակը, Համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները՝ ուղղված դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն:

 

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը: