Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազությունում ՀԲ առաքելության հետ քննարկվել են քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները

նոյեմբերի 26, 2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ թվային համակարգի հնարավորինս շուտ ներդրման նպատակով արդեն նախաձեռնվել է նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվող ընթացակարգային նոր լուծումներին համապատասխանեցնելու, դրա հիման վրա տեխնիկական առաջադրանքի հստակեցման գործընթացը: 

 

Ըստ Արմեն Հարությունյանի՝ դատախազության համար քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրումը կարևոր է հատկապես այն առումով, որ նպաստելու է դատախազական հսկողության գործառույթների իրականացման օպերատիվությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ստեղծելու է ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է նոր թվային համակարգի ներդրումն առավելագույնս նպատակային դարձնելու համար միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև տեղի մասնագիտական շրջանակների վերապատրաստումը: 

 

ՀԲ առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան վստահություն է հայտնել, որ քրեական դատավարության նոր օրենսգքրի մշակման գործընթացի ավարտման տեսանելի հեռանկարը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանված ժամկետներում «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրով» նախատեսված այս նախագծի վերջնական իրականացման համար: