Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

ՀՀ Շիրակի մարզի դատախազության գործունեությունը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում

հունիսի 09, 2018

Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ. առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:

 

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով:

 

Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից,  1 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից, 1 գործ անջատվել է այլ քրեական գործից:

 

Նշված քրեական գործերով 7 անձի նկատմամբ (համայնքի 3 ղեկավար, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, դպրոցի 1  փոխտնօրեն և այլն), հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:

 

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել են երկու պաշտոնատար անձինք (համայնքի ղեկավարներ), ում նկատմամբ հետագայում, պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնելուց հետո, վարույթն իրականացնող քննիչները արգելանքից ազատելու մասին որոշումներ են կայացրել:

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման, բանկային համակարգի գործունեության, տրանսպորտային, սոցիալական ապահովության ոլորտներում:

 

Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով  Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել  են 10-ից ավել ուսումնասիրություններ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները:

 

Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել  ընդհանուր 22.779.904 ՀՀ դրամ գումար:

 

Վերոգրյալից բացի, Շիրակի մարզի դատախազության կողմից քաղաքացիների և կազմակերպությունների կողմից պետության պատճառված գույքային վնասը վերականգնելու համար դատարաններ են ներկայացվել 3 հայցադիմում` ընդհանուր 12.191.740  ՀՀ դրամ գումար բռնագանձնելու պահանջով: Դրանցով քննությունն  ընթացքի մեջ է: