15 մասնակցության հայտ՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթին
Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հետ համատեղ 2026 թվականի օգոստոսի 28-ին հայտարարել էր «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մեկնարկի մասին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին:
Թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել 2026 թվականի սեպտեմբերի 16-ը:
«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է 15 հայտ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասին հայտարարել էր 2026 թվականի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ նշելով. «2026 թվականը 108-ամյա Դատախազության համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այն ինստիտուցիոնալ հիշողության և պատմական ժառանգության արժևորման տարի է: 2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակը, ում գործունեությունը կարևոր հետք է թողել Հայաստանի դատախազության պատմության էջերում: Մենք կարևորում ենք, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։ Այս ճանաչողությունը խթանելու նպատակով այս տարի նախատեսում ենք կազմակերպել դատախաղ՝ պետական շահերի պաշտպանության թեմատիկայով»:
Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկել իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։
Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։
Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի Հայցվորի և Պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։
Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։