«Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց»․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցում ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով, հյուրընկալվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում և ներկա գտնվել ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում ուսումնասիրել էր ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, սակայն 19 տարի առաջ օրենքի խախտմամբ մասնավորեցված 555 քմ մակերեսով տարածքի կադաստրային գործն ու պետշահերի պաշտպանության հայց էր ներկայացրել իրավասու դատարան: 2026 թվականի օգոստոսի 27-ին, Դատախազությունը տարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով, հաշտության համաձայնություն էր ներկայացրել դատարանի հաստատման, որի՝ օրեր անց հաստատումից ու օրինական ուժի մեջ մտնելուց հետո, տարածքը կվերադարձվի «Հերացի» ավագ դպրոցին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ և նշել. «Ձեր երազանքները կարող են իրականանալ, եթե դրանք հենված լինեն համակարգված գիտելիքի, կարգապահ կեցվածքի, ամենօրյա աշխատասիրության և նվիրյալ ուսուցիչների միասնության վրա: Ձեր կրթությունը մեծ նշանակություն ունի մեր պետության համար: Կառավարությունն ամբողջովին վերակառուցեց այս կրթահամալիրը՝ պահպանելով շենքի ճակատային հատվածը, որ իմանանք, որ մենք պատմություն ունենք, արմատներ ունենք, ուսուցիչներ ունենք: Այսօր ևս պետությունը ձեռնամուխ եղավ, որ այս համալիրը վերականգնի իր ամբողջականությունը: Մեր պատվավոր հյուրը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ում ղեկավարած կառույցի՝ Դատախազության ջանքերով վերականգնվեց «Հերացի» ավագ դպրոցի ամբողջականությունը: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև մեկ ամիս անց դպրոցի ամբողջ տարածքը վերականգնված կլինի, որին ձգտում էինք երկար ժամանակ»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և անդրադարձել ոչ միայն գիտելիքի կարևորությանը, այլև Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքին՝ որպես դրա օրինակ ներկայացնելով «Հերացի» ավագ դպրոցի հարակից տարածքի շուրջ տարիներ շարունակ առկա իրավական վեճի լուծումը։
Աննա Վարդապետյանը նշել է, որ թեև բժշկությունն ու իրավագիտությունը առաջին հայացքից կարող են հեռու մասնագիտություններ թվալ, իրականում երկուսն էլ գործ ունեն մարդու հետ։
«Ձեր մի մասն ապագա բժիշկներ են, Ձեզ իրավաբանությունը շատ հեռու մասնագիտություն է թվում, բայց իրականում մեր մասնագիտությունները շատ նման են․ մենք՝ երկուսս էլ գործ ունենք մարդու հետ»,- ասել է Գլխավոր դատախազը։
Անդրադառնալով դպրոցի հարակից տարածքի շուրջ առկա իրավական խնդրին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ տարիներ առաջ նշված տարածքը ձեռք էր բերել մասնավոր անձ, ինչի հետևանքով ստեղծվել էր իրավական բարդ իրավիճակ․ քաղաքացին ուներ իր ակնկալիքը գործարքից, իսկ դպրոցը և աշակերտական հանրությունը՝ իրենց ակնկալիքը։ «Խնդիրն ուսումնասիրելու ընթացքում, հաճախ հնչում էր այն գնահատականը, որ իրավական վեճն անլուծելի է։ Եվ այսօր ուրախությամբ ցանկանում եմ փաստել, որ երիտասարդ դատախազներն արեցին այն, ինչ բոլորն ասում էին՝ անհնար է։ Եվ ինչպես դա արեցին՝ արեցին, որովհետև ունեին գիտելիք»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ այսօր, երբ խոսում ենք գիտելիքի մասին, ոչ ոք չի բացատրում՝ ինչ է նշանակում գիտելիք, միայն ասում են՝ սովորիր:
«Ես ասում եմ գիտելիք ստացիր: Իհարկե, սովորիր, սովորիր այն անհրաժեշտը, որ տալիս է դպրոցը, բայց սովորելու աստիճանին կանգնելուց հետո, գիտելիք ստացիր բոլոր այն աղբյուրներից, որոնք այսօր հասանելի են: Եվ այդ ստացած գիտելիքդ օգտագործիր ի նպաստ այլոց, որովհետև մենք արժևորվում ենք միմյանց միջոցով: Այսօր ես այստեղ կանգնած չէի լինի, եթե իմ թիկունքում կանգնած չլիներ 700-ից ավելի անձից բաղկացած համակարգ, որը կատարել է աշխատանք, որի արդյունքն ու բարիքները ստանալու եք Դուք»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու մեջբերելով ռեկտոր Մուրադյանի խոսքը, հավելել՝ «աշխարհը կմնա կանգուն, քանի դեռ մեզնից ամեն մեկն ունի ուսուցիչ»: