Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ2026

Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

օգոստոս 06, 2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքում գտնվող նկուղային տարածքը և հողամասը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը:

Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության, իրավաբանական անձի, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել է այն պատճառով, որ հանդիսացել է 2008 թվականին առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության իրավահաջորդը:

Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը Դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով հաստատվել է:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ: