Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 17-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար մեղադրվող Մ.Հ.-ի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Ս.Խ.-ի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Լ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մ.Հ.-ն, 2019 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի հետ կապված գործարքների համակարգողի պաշտոնը և, համայնքապետարանի անունից հանդես գալու, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված լինելով, 2019 թվականի ապրիլին պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակիչ Գ.Գ.-ի հետ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեին կից հողամասում Գ.Գ.-ի մոր կողմից կառուցված ինքնակամ շինություններն ապօրինի օրինականացնելու և դրանց զբաղեցրած հողամասը հետագայում նրան օտարելու գործընթացը կազմակերպելու շուրջ։

Այդ նպատակով Գ.Գ.-ն 2019 թվականի ապրիլի 23-ին դիմել է Աբովյանի համայնքի ղեկավար Վ.Գ.-ին։ Դիմումի քննարկման ընթացքում Մ.Հ.-ն դրդել է համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ին կազմել իրականությանը չհամապատասխանող քաղաքաշինական եզրակացություն։ Ս.Խ.-ի կողմից 2019 թվականի մայիսի 7-ին կազմված կեղծ եզրակացությամբ նշվել է, թե Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեում գտնվող 286.55 և 28.8 քմ մակերեսով շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասի վրա։ Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ նշված շինությունների զբաղեցրած՝ 1045.7 քմ մակերեսով հողամասը, համաձայն Աբովյան համայնքի գլխավոր հատակագծի, ունեցել է «զբոսայգիներ, պուրակներ» գործառնական նշանակություն և ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված կեղծ եզրակացության հիման վրա Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորությունները պետական և ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, 2019 թվականի մայիսի 16-ին N 468 որոշմամբ ապօրինի օրինականացրել է նշված ինքնակամ կառույցները։

Այնուհետև, Մ.Հ.-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի սպասարկման գրասենյակ՝ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ 2019 թվականի հունիսի 4-ին նշված շինության և հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը։ Նույն օրը Գ.Գ.-ն Մ.Հ.-ին է տվել 200 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր օգտին ապօրինի գործողությունների կատարումն ավարտին հասցնելու և շինությունների զբաղեցրած հողամասն իր մոր անվամբ օտարելու գործընթացին նպաստելու համար։

Ս.Խ.-ի ներկայացրած զեկուցագրի և համապատասխան վարչական գործողությունների արդյունքում, 2019 թվականի հունիսի 5-ին Աբովյանի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Լ.Ն.-ն կայացրել է N 565 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1045.7 քմ մակերեսով հողամասը 8 միլիոն 485 հազար դրամով ուղղակի վաճառքով Գ.Գ.-ի մորն օտարելու վերաբերյալ։

Հետագայում՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասը, որը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողատարածք է և ունի «զբոսայգիներ» գործառնական նշանակություն, ապօրինի օտարվել է և Կադաստրի կոմիտեում գրանցվել է Գ.Գ.-ի մոր անունով։

Դատախազը 2026 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մ.Հ.-ի նկատմամբ՝ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, Ս.Խ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար և Լ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: