Նորություններ
07/05/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով, 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը։
Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է 2026 թվականի ապրիլի 26-ին: Այն պետությանն է վերադարձվել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում՝ դատարանի կողմից հաստատված՝ հաշտության համաձայնության արդյունքում:
«Դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: 2026 թվականի փետրվարի 27-ին Դատախազությունը Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքել է հաշտության համաձայնություն, որով հայցապահանջում ներառված՝ 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը: Հաշտության համաձայնությունը դատարանի 2026 թվականի մարտի 5-ին վճռով հաստատվել է:Դատախազության՝ այս հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու անդրադարձել նաև Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռին:
«Կարապետ Գուլոյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով առկա է նաև Դատարանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 2026 թվականի ապրիլի 15-ին օրինական ուժի մեջ մտած վճիռ: Վճռով Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաև հիշեցրել է Կարապետ Գուլոյանի վերաբերյալ 2025 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական գործի մասին, համաձայն որի՝ Կարապետ Գուլոյանը, չարաշահելով իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ, ընդհանուր՝ 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր անձանց է օտարել (այդ թվում՝ 2 դեպքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր գործունեության հետևանքով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: