Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին:
Մասնավորապես՝
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում էՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 13 անշարժ գույք, 12-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում.
- 5 տրանսպորտային միջոց.
- 2 իրավաբանական անձում մասնակցություն.
- շուրջ 270 միլիոն 840 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության նախկին պետ Վահան Զորիկի Մամիկոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 8 անշարժ գույք, որից 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում, 1-ը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նշավան գյուղում.
- 446 միլիոն 691 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 86 միլիոն 413 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում բաժնի պետի, Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- 303 միլիոն 918 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023 թվականի մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում.
- 4 տրանսպորտային միջոց.
- 20 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով.
- 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով.
- Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին դատախազն իրավասու դատարան է հանձնել ՀՀ նախկին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը:
Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում՝
- պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու,
- ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու,
- իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու և ծանր հետևանքներ առաջացնելու,
- վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու մեջ: