Նորություններ
01/04/2026
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ, 2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ): Համաձայն Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին:
2025 թվականին դատարաններում քննված և ավարտված` 11.457 անձի վերաբերյալ 10.787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության՝ 8136 անձի նկատմամբ (71%), 1771-ը կամ 16,5%-ը՝ միջին ծանրության՝ 2014 անձի նկատմամբ (17,6%), 855-ը կամ 7,9%-ը՝ ծանր՝ 1115 անձի նկատմամբ (9,7%) և 163-ը կամ 1,5%-ը՝ առանձնապես ծանր՝ 192 անձի նկատմամբ (1,7%): Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10.348 անձ (2024 թվականին՝ 8660 գործով՝ 9224 անձ, 2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ):
2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:
Դատախազությունը 2025 թվականի ընթացքում դիմել է իրավասու մարմիններին՝ Արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ կոնկրետ գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով: 2025 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել 17 հաղորդում (2024 թվականին՝ 11), որոնցից 8-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 3-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման դեպքում հարուցվել է 6 կարգապահական վարույթ, որոնցից 5-ը հետագայում կարճվել են, իսկ 1 դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է «խիստ նկատողություն»: