Նորություններ
01/04/2026
Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքները։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:
Հաղորդումը կառուցված է Դատախազության՝ որպես միասնական համակարգի՝ 2025 թվականի նպատակադրումների, կատարված հետևողական աշխատանքի ու արձանագրված արդյունքների վրա:
Մասնավորապես՝
Դատախազության 2025 թվականի առաջնահերթությունը եղել է արդյունքահեն աշխատանքը՝ պայմանավորված 2025 թվականի մարտի 14-ին Դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման նոր չափանիշների սահմանմամբ, որոնք ամրագրվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով: Չափանիշները, ի թիվս այլնի, ներառում են՝
- Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,
- Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:
Աշխատանքի արդյունքահենության պահանջը, դուրս գալով Դատախազության աշխատանքի ներքին չափանիշներից, 2025 թվականի արդյունքներով հանգեցրեց Դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի փոփոխության. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:
Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի:
Իմ երախտիքն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր պրոֆեսիոնալ և սրտացավ գործընկերներին՝ 2025 թվականին գրանցած շոշափելի արդյունքի համար»: