ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազը մասնակցել է «Ողջամիտ ժամկետներ և դատական իշխանության դերը, ինչպես նաև հանձնման գործընթացը» թեմայով աշխատաժողովին

18/03/2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին նվիրված աշխատաժողովին՝ «Ողջամիտ ժամկետներ և դատական իշխանության ​​դերը, ինչպես նաև հանձնման գործընթացը» թեմայով:

 

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող՝ «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակում:

 

Աշխատաժողովին մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության 3-րդ բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը, նույն Վարչության իրավաբան Արմեն Մազմանյանը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորները, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներն ու Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները, այլք:

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ողջունել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնությունն՝ ուղղված արդիական թեմայով աշխատաժողովը կազմակերպելուն և նշել. «Արդիականության վերաբերյալ իմ հետևության հիմքում միջազգային-իրավական համագործակցության ոլորտում Դատախազության 2025 թվականի աշխատանքների ամփոփ տվյալներն են, որոնց համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից ուղարկվել է հանձնելու մասին 81 միջնորդություն: Ներկայացված միջնորդություններից 22-ը բավարարվել են, 13-ը` մերժվել, 46-ը գտնվում են քննարկման փուլում, բավարարվել են նաև նախկինում ներկայացված միջնորդություններից 6-ը:

 

Ցանկանում եմ, մասնավորապես, անդրադառնալ 2024 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, որի նախագծի մշակման աշխատանքներում Դատախազությունն ակտիվ մասնակցություն է ունեցել:

 

Օրենքով, ի թիվս այլ հարցերի, կանոնակարգվել են մինչդատական փուլում գտնվող քրեական վարույթներով կենտրոնական մարմին հանդիսացող Գլխավոր դատախազության և դատական վարույթում գտնվող գործերով կամ դատավճիռների կատարումն ապահովելու հարցերով կենտրոնական մարմին հանդիսացող Արդարադատության նախարարության՝ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության կարգն ու պայմանները:

 

Օրենքով հստակ կարգավորում են ստացել նաև օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած հետախուզվող անձանց Հայաստանի Հանրապետությունում ձերբակալելու, կալանավորելու կարգն ու ժամկետները, կայացված որոշումների դատական վերանայման մեխանիզմները, ինչպես նաև փաստաբան, թարգմանիչ ներգրավելու կարգն ու պայմանները:

 

Ինչպես ցանկացած իրավակարգավորման պարագայում, այնպես էլ այս դեպքում, շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել իրավական ակտի կիրառման առանձնահատկություններին: Հետևաբար, այս աշխատաժողովը ճիշտ ժամանակին է:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնումը թույլատրելու վերաբերյալ որոշումները ևս ենթակա են դատական վերահսկողության՝ այս ձևաչափով քննարկումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով մի կողմից միջազգային հանցավորության ներկայիս դինամիկան, մյուս կողմից՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

 

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ ընդգծել Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակներում «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» Եվրոպայի խորհրդի ծրագրի հետ մեր կայուն, հետևողական և արդյունավետ համագործակցությունը:

 

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին այս միջոցառման կազմակերպման, ինչպես նաև հետևողական, կայուն ու արդյունավետ համագործակցության համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև աշխատաժողովի բանախոսներին և փորձագետին, իրենց մասնակցության և տրամադրած ժամանակի համար: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր քննարկում, որի արդյունքներով մեզանից յուրաքանչյուրը, վստահ եմ՝ կարևոր եզրահանգումներ կանի»:

 

Աշխատաժողովի նպատակն է ստեղծել համատեղ հարթակ Վճռաբեկ դատարանի դատավորների և փորձագետների, Գլխավոր դատախազության ներկայացուցիչների և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների համար՝ կառուցողական երկխոսությունը խթանելու և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչների ու Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետների հետ առկա խնդիրները քննարկելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։