ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

09/03/2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:

 

Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը, ներկայացնելով Վարչության դատախազների կողմից 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 256 վարույթ՝ 628 անձի վերաբերյալ «2024 թվականին՝ 159 քրեական վարույթ՝ 370 անձանց վերաբերյալ»: Այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվն ավելացել է 97-ով կամ շուրջ 60%-ով, իսկ նշված վարույթներով մեղադրվող անձանց թիվն ավելացել է 264-ով կամ 69%-ով։

 

2025 թվականի ընթացքում դատարան հանձնված վարույթների թվում են նաև բազմադրվագ, հանրային հետաքրքրություն ունեցող հետևյալ վարույթները՝

 

  • ՀՀ նախկին վարչապետի և այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում՝

 

  1. պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու,
  2. ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու,
  3. իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու և ծանր հետևանքներ առաջացնելու,
  4. վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու վերաբերյալ վարույթը:

 

  • Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, վերջինիս դրդմամբ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Կենտրոն, իսկ հետագայում նաև Երևան համայնքին պատկանող շուրջ 2 միլիարդ 327 միլիոն 584 հազար դրամ արժեք ունեցող 25 անշարժ գույք ձեռք բերելու, 2 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձին փոխանցելու, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով նշված գույքերն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթը:

 

  • ՀՀ զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների օրինականացման, ներկայացված հայտարարագրերում գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները թաքցնելու, առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրման վերաբերյալ քրեական վարույթը:

 

  • Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ վարույթը:

 

  • Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու, ծանր հետևանքներ առաջացնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու վերաբերյալ վարույթը:

 

  • ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու, այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար առանձնապես խոշոր չափերով գումար պահանջելու վերաբերյալ վարույթը:

 

  • Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք պահանջելու, մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթը:

 

  • Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքն ապօրինի ձեռք բերելու և օրինականացնելու վերաբերյալ վարույթը:

 

  • Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանի կողմից, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու, լիազորություններն անցնելու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ վարույթը:

 

Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 1 միլիարդ 642 միլիոն 887 հազար դրամը:

 

Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ քրեական վարույթներով 2025 թվականին վերականգնվել է 726 միլիոն 430 հազար դրամ: Հիշեցնենք, որ 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել էր 477 միլիոն 556 հազար դրամը: Այսինքն, կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը։

 

Արմեն Փանոսյանի տեղեկացմամբ, 2025 թվականին դատարաններում ավարտվել է 106 քրեական գործ՝ 180 անձի վերաբերյալ, իսկ 2024 թվականին՝ 116 քրեական գործ 242 անձի վերաբերյալ:

 

Դատարանում ավարտված 106 քրեական գործերից 2-ը եղել է առանձնապես ծանր, 30-ը՝ ծանր, 65-ը՝ միջին ծանրության, իսկ 9-ը՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ:

 

Ավարտված 106 քրեական գործերից 89-ով դատապարտվել է 158 անձ, որոնցից 38-ը՝ ծանր, 108-ը՝ միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, իսկ 12՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար: Այդ թվում` 16 անձ դատապարտվել է ազատազրկ­ման, 27-ը՝ տուգանքի, 5-ը՝ այլ պատժի: 110 անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: