Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 14-ին, Դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում, հայտարարել էր, որ տարեկան երկու անգամ (հուլիսի վերջին՝ կիսամյակային և փետրվարին` տարեկան) կատարվելու է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում:
Գնահատումն իրականացվում է, ի թիվս այլնի, հիմք ընդունելով հետևյալ չափանիշները՝
- Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,
- Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը,
- «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգի լրացվածության տոկոսը:
Գնահատման կարգն ու չափանիշները սահմանվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, որի հիման վրա՝ 2026 թվականի փետրվարին ամփոփվել է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքը:
Նշված չափանիշներով կատարված գնահատման հիման վրա՝ որոշվել են 2025 թվականի ընթացքում լավագույն ցուցանիշներն արձանագրած ստորաբաժանումները:
Այսպես, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսել են Գեղարքունիքի մարզի դատախազությունն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի դատախազությունը, 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արարատի մարզի դատախազությունը:
Մասնավորապես՝
- Սյունիքի մարզի դատախազությունը, ի թիվս այլնի, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ:
- Գեղարքունիքի մարզում պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 144 միլիոն 703 հազար դրամ, Գավառ համայնքին է վերադարձվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա հողամաս, ինչպես նաև 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսով 4 հողամաս:
- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարան է հանձնվել603 քրեական վարույթ՝ 645 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 404 քրեական վարույթ՝ 438 անձի վերաբերյալ), որոնցից ծանր և առանձնապես ծանր՝ 59 քրեական վարույթ՝ 74 անձի վերաբերյալ: Դատարաններում ավարտվել է 370 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ), որոնցից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներով՝ 30 գործ՝ 32 անձի վերաբերյալ՝ ծանր հանցագործություններով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ առանձնապես ծանր հանցագործություններով: 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 56 միլիոն 467 հազար դրամը:
- Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել770 քրեական վարույթ՝ 822 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 561 քրեական վարույթ՝ 604 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում ավարտվել է 587 քրեական գործ՝ 641 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ): Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 71 միլիոն 892 հազար դրամը:
- Արարատի մարզի դատախազության աշխատանքների արդյունքում, ի թիվս այլնի, 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հա մակերեսով 65 հողատարածք և 5 այլ անշարժ գույք՝ մանկապարտեզի 2 մասնաշենք, 2 պուրակ և մշակույթի տուն: