Նորություններ
04/12/2025
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»:
Անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.
«Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող՝ 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողամաս է:
Նշեմ նաև, որ Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Որոշման նախապատմությունը հակիրճ ներկայացնեմ:
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:
Ուսումնասիրության արդյունքներով՝
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:
Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝
Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության N 479-Ա որոշումը:
Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»: