Նորություններ
12/09/2025
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Արդյունքում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և արտադրական կոոպերատիվի միջև 2009 թվականի մարտի 11-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:
Վճռի և գրանցման վկայականի օրինակները տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վճռից և գրանցումից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով: