ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հերթական հայցը

20/08/2025

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:   

 

Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող վերոնշյալ հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին:

 

Նշենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝

 

  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,

 

  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,

 

  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,

 

  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը: