Նորություններ
13/08/2025
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի հուլիսի 22-ին, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
2025 թվականի օգոստոսի 12-ին, դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 միլիոն դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: