ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին

27/05/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել «Արդարության պահպանումը. oրենքի գերակայության համաշխարհային հրամայականը» խորագրով պանելային քննարկում։

 

Պանելային քննարկմանը մասնակցել են Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը, Եվրաջասթի գործընկերների հետ հարաբերությունների խորհրդի նախագահ Բոշտյան Շկրլեցը և Միջազգային քաղաքականության կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նենսի Օքայլը:

 

Աննա Վարդապետյանը, պատասխանելով պանելային քննարկումը համակարգողի՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանի՝ Հռոմի ստատուտի վավերացման կարևորության մասին հարցին, մասնավորապես, նշել է.

 

«Հռոմի ստատուտի վավերացումն իրավական ուղենիշ է, որը Հայաստանի հավատարմության հստակ արտահայտումն է հաշվետվողականության, արդարության և օրենքի գերակայության սկզբունքներին, ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային մակարդակում:

 

Միջազգային արդարադատությունը կենսական դերակատարում ունի արդար և անվտանգ ապագայի ձևավորման գործում:

 

Հայաստանի համար այս ներգրավվածությունն ամրապնդում է ինստիտուցիոնալ կարողություններն ու արմատավորում այն ուղերձը, որ անպատժելիություն չի կարող լինել որևէ մեկի համար որևէ վայրում:

 

Ժամանակակից պետության ինքնիշխանությունը պաշտպանված է ոչ միայն նրա սահմաններով ու բանակով, այլ նաև իրավական մեխանիզմների և ինստիտուտների ուժով ու հաստատակամությամբ: Իրավական գործիքները ձևավորում են իրավական ռազմավարություն, ստեղծում անվտանգության ճարտարապետություն՝ սպառնալիքներից պաշտպանվելու և դրանց արձագանքելու համար:

 

Հայաստանը ոչ միայն մասնակից է միջազգային արդարադատությանը, այլև ակտիվորեն ձևավորում և պահպանում է իր մոտեցումներն ու սկզբունքները, որոնք ներառվում են դատախազական  գործունեության մեջ, իրավական բարեփոխումներում և ինստիտուցիոնալ մշակույթում:

 

Միջազգային արդարադատության հետ Դատախազության համագործակցությունն ապացույցն է այն բանի, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կարծում են, որ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է:

 

Դատախազությունն ու դատախազները կանգնած են արդարության համար պայքարի առաջնագծում և իրենց պարտականությունները կատարելիս առերեսվում են մարտահրավերների: Հայաստանի դատախազությունը հանձնառություն ունի ապահովելու հանրային վստահությունը օրենքի, արդարության և, ամենակարևորը՝ արդարության ապահովման նկատմամբ:

 

Արդարությունը վերացական ձգտում չէ: Այն ենթադրում է կարգապահություն, նպատակասլացություն և ստանձնած պարտականությունների պատշաճ կատարում»: