ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքեր, դատարան հանձնված գործերի աճ. Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2024 թվականի աշխատանքները

15/03/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2024 թվականի աշխատանքները:

 

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

 

Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 30 քրեական վարույթ՝ 75 անձի վերաբերյալ (2023 թվականին 30 վարույթ՝ 89 անձի վերաբերյալ), մեղադրական եզրակացությամբ հանձնվել են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ: Նշված քրեական վարույթների թվում են՝

 

  • Արարատի մարզի Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Գ.Մ.-ի կողմից Արտաշատ համայնքի նախկին պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետ Վ.Բ.-ի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը:
  • «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախկին նախագահ Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություններ, ապա փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում և կառուցապատում իրականացրած ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից, անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի օժանդակությամբ, մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը (նախաքննության ընթացքում Ա.Կ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը):
  • Երևան քաղաքի Արաբկիր համայնքի ավագանու անդամների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և նախկին թաղապետ Հ.Շ.-ի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ վարույթը:
  • «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փ.Յա.-ի կողմից, իր հետ փոխկապակցված անձանց հետ հանցակցությամբ, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը:

 

Անդրադառնալով Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականին կատարված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ, ի թիվս այլնի, դատախազները 2024 թվականին ձեռնամուխ են եղել առանձնակի բարդություն ներկայացնող՝ շուրջ 100 և ավելի դրվագներ ունեցող քրեական վարույթի (Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և այլ ենթադրյալ հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը) ուսումնասիրությանը և քննության առարկա հանդիսացող հանցավոր դրվագներից շատերի ընթացքը լուծելուն: Քրեական վարույթի ուսումնասիրության արդյունքում՝ դատախազի հանձնարարությամբ, 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների հատկանիշներով (այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի) նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նշված վարույթի շրջանակներում վերադաս դատախազի կողմից ձևավորվել է դատախազական խումբ, միայն դատախազական խմբի ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 33 հանրային քրեական հետապնդում: Դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում պարզվել է, որ միայն նշված վարույթով պետությանը և անձանց պատճառված վնասը, այս պահի դրությամբ, կազմում է շուրջ 350 միլիոն ԱՄՆ դոլար: Դատախազական պատշաճ հսկողության արդյունքում՝ արդեն իսկ որոշ դրվագներով առկա են պետությանը պատճառված վնասի մասով վերականգնումներ (օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է պետությանը. «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը):

 

Արամ Արամյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է՝ 30 միլիարդ 327 մլն 806 հազար դրամի վնաս:

 

Ներկայացնելով Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության 2024 թվականին կատարած աշխատանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատախազների կողմից դատարան է հանձնվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ (2023 թվականին՝ 26 անձի վերաբերյալ 8 քրեական վարույթ)։ Մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներով մեղադրյալներից 22-ին, բացի իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, մեղսագրվել է նաև դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 2024 թվականին դատարան հանձնված քրեական վարույթներով փողերի լվացման համար մեղադրվել է 15 անձ։

 

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

 

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2024 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում դատարան է ներկայացվել պետական և համայնքային շահերի պաշտպանության 277 հայցադիմում: Ներկայացված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը՝ քաղաքացիական դատավարության կարգով կազմում է 6 միլիարդ 961 միլիոն 786 հազար դրամ, քրեական դատավարության կարգով գույքային հայցերով՝ 420 միլիոն 348 հազար դրամ:

 

2024 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 207 միլիոն 583 հազար դրամ հայցապահանջով 43 հայց:

 

2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ (նշված գույքերի շուկայական արժեքները մի քանի անգամ գերազանցում են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները):

 

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում կատարած աշխատանքի մասին խոսելիս՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործություններով 1228 քրեական վարույթ 1408 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 25-ը դատարան է ուղարկվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ:

 

2024 թվականի ընթացքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատարաններում ավարտվել է 707 գործ 790 անձի վերաբերյալ, որոնցից 550-ով 610 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

 

Անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և այս ոլորտում դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ըստ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վիճակագրական տվյալների՝ 2024 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված դեպքերի ավելի քան 28%-ը։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1,3%-ով նվազում. Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4,3%-ով:

 

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

 

Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2024 թվականին ուղարկվել է 365 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն (2023 թվականին՝ 311), ստացվել է 203 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն: Ուղարկվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող և օտարերկրյա պետություններում հայտնաբերված անձանց հանձնելու մասին 34 միջնորդություն (2023 թվականին՝ 28): Ներկայացված հանձնման միջնորդություններից 10-ը բավարարվել է, 5-ը` մերժվել, 19-ը գտնվում է քննարկման փուլում, բավարարվել է նախկինում ներկայացված միջնորդություններից 8-ը, մերժվել՝ 8-ը:

 

Ներկայացնելով այս ոլորտում նախորդ տարում արձանագրված հաջողությունները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է դրանցից մի քանիսը՝

  • Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում՝ 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը: Արդյունքում, այս տարի կամ առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ և, նկատի ունենալով անդրազգային հանցավորության դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի իրավասության լայն շրջանակը, Եղիազար Ավագյանի խոսքով՝ հնարավորություն կունենանք քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել ավելի արդյունավետ համագործակցություն:
  • 2024 թվականի ապրիլի 26-ին և 27-ին Եվրոպայի խորհրդի հետ համատեղ անցկացվել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 12 պատվիրակություն օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազություններից և միջազգային կազմակերպություններից:
  • 2024 թվականի հոկտեմբերի 3-5-ը Երևանում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 7 պատվիրակություն՝ 45 պատվիրակ ԱՊՀ անդամ 6 պետություններից և միջազգային կազմակերպությունից:
  • 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2025-2026 թվականների Համագործակցության մասին ծրագիրը:

 

Անդրադառնալով իրավական ապահովման ոլորտում 2024 թվականին իրականացված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, ի թիվս այլնի, կարևորել է քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծումը:

 

Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ կազմվել և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 11 միջնորդություն: Ներկայացված 11 միջնորդություններից 3-ը դեռ քննարկման փուլում են, 5-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 3-ի դեպքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է նկատողություն, 1-ի դեպքում՝ խիստ նկատողություն, 1-ի դեպքում դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում կատարելու հիմքով դադարեցվել են:

 

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում, Եղիազար Ավագյանի տեղեկացմամբ, հայտնաբերվել է 322 խախտում (2023 թվականին՝ 148): Պատկան մարմիններին ուղարկվել է 52 հաղորդում: Ստուգմամբ արձանագրված՝ օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացվել է 31 միջնորդագիր, օրենսդրությանը հակասող 3 ակտ կասեցվել է, ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ ներկայացվել է 9 միջնորդագիր: Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 11 ուսումնասիրություն՝ արձանագրվել է 107 խախտում: Իրականացված ուսումնասիրություններով և ստուգումներով ներկայացվել են հանցանքի մասին 7 հաղորդում, որոնց արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

 

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացվել է 8 կարգապահական վարույթ՝ 9 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքում՝ 1 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, 4 դատախազ ազատվել է կարգապահական տույժից, իսկ 1 դատախազի կողմից թույլ տրված խախտումները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունում:

 

2024 թվականին տեղի է ունեցել Հանձնաժողովի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 5 դատախազի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, բոլոր նիստերի արդյունքներով` կայացվել է որոշում կարգապահական խախտման փաստը և դրանում դատախազի մեղավորությունը հաստատելու մասին:

 

Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2024 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ 2024 թվականի ընթացքում Վարչությունը սկսել է 163 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 82): Վարչության գործունեության օրվանից մինչ այսօր Հակակոռուպցիոն դատարան ներկայացված և ներկայում քննվող հայցադիմումների թիվը 136-ն է, որոնցից 21-ով դատարանի կողմից արդեն կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, և անցում է կատարվել բուն դատաքննության փուլին. ներկայում հետազոտվում են ապացույցները:

 

Էդգար Արսենյանի խոսքով՝ միայն 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված և ներկայում քննվող գործերով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք, 71 շարժական գույք և 85 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ: 2024 թվականին ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմում է 100 միլիարդ 354 միլիոն 660 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, դատարաններում քննվող 136 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույքեր, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 միլիարդ դրամ է (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ներկայում ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցությունների արժեքները):

 

2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (որի շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով՝ փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականին փոխանցվել է 515 միլիոն դրամը: Կնքված հաշտության համաձայնությունների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ 877 միլիոն 372 հազար դրամ (2023 թվականին հաշտության համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ):

 

2024 թվականի ընթացքում Դատարանի կողմից կայացվել են հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին 1 և մասնակի բավարարելու մասին 4 վճիռներ:

 

Օրինական ուժի մեջ է մտել հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Օրինական ուժի մեջ մտած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (ընդհանուր 300 միլիոն 650 հազար դրամ միջին շուկայական արժեքով): Բռնագանձման ենթակա 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցվել են վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած՝ 55,8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել կատարողական թերթ ստանալու դիմում, որը ստացվելուց հետո կուղարկվի հարկադիր կատարման:

 

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

 

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78): 

 

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2): 

 

2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։   

 

2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ): 

 

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիար 482 միլիոն 453 հազար դրամ):

 

Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Կորյուն Սերոբյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության 2024 թվականին իրականացված աշխատանքները՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է ընդհանուր 2077 հաղորդում, որից 1810-ը՝ կոռուպցիոն բնույթի: Ստացված կոռուպցիոն բնույթի 1810 հաղորդումներից 749-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

2024 թվականին կոռուպցիոն հանցագործությունների վերա­բերյալ դեպքերով քննված քրեական վարույթներից Վարչության կողմից դատարան է ուղարկվել 159 քրեական վարույթ՝ 370 անձի վերաբերյալ: Նույն ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործությունների վերա­բերյալ դատարաններում ավարտվել է 104 քրեական գործ (2023 թվականին` 87)՝ 223 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 120 անձի վերաբերյալ): Նշված քրեական գործերից 95-ով՝ 207 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որոնցից 167-ը դատապարտվել են ազատազրկման:

 

Կորյուն Սերոբյանն ընդգծել է, որ ավարտված գործերով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 477 միլիոն 556 հազար (2023 թվականին՝ 417 միլիոն 346 հազար դրամ): Վարույթներից մեկով՝ ընդհանուր՝ 14 միլիոն 443 հազար դրամ կադաստրային արժեքով 8 հողամաս վերադարձվել է համայնքին:

 

Գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Լալա Բեգոյանը ներկայացրել են 2024 թվականի ընթացքում դատախազների, Դատախազության քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

 

Հարցման արդյունքների ներկայացմանը հաջորդել է առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող 22 դատախազների երդման արարողությունը:

 

Դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփումները եզրափակելով՝ Աննա Վարդապետյանը տվել է մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ տարեկան երկու անգամ մարզերի և վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում կատարելու վերաբերյալ:

 

Աննա Վարդապետյանը, եզրափակելով խոսքը, նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և անհատապես յուրաքանչյուրիդ՝ կատարված աշխատանքի համար: Այս տարի աշխատանքային այցով եղել եմ Դատախազության 15 ստորաբաժանումում, տեսել եմ աշխատանքի որակի, քանակի և ծավալի դրական փոփոխություն: Փոփոխությունը ձեզնից յուրաքանչյուրի ներդրման արդյունքն է: Ուզում եմ վստահ լինեք, որ ընդհանուր գործում յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը գնահատված է ու տեսանելի. մարզերի և վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի՝ տարեկան երկու անգամ գնահատելու վերաբերյալ հանձնարարականը հենց այդ նպատակին է ուղղված և դրանով ես ցանկանում եմ խթանել Դատախազությունում առողջ մասնագիտական մրցակցությունը:

Թեև այս տարի նման հանձնարարական չկար, սակայն ես որոշեցի տարեկան ամփոփման հիման վրա դրամական պարգևատրմամբ խրախուսել երեք՝ Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի դատախազություններին արձանագրված բովանդակային և ոչ թե քանակական ցուցանիշների, թիմային, պրոֆեսիոնալ, սրտացավ և նվիրված աշխատանքի համար:

 

Շնորհավորում եմ դատախազի պաշտոնն առաջին անգամ ստանձնող դատախազներին, բարով եք եկել: Ես լիահույս եմ, որ դուք կինտեգրվեք Դատախազության՝ մեր արդեն կուռ կառուցվածքին, կստանձնեք այն պատասխանատվությունն ու հոգատար վերաբերմունքը, որ Դատախազությունում առկա է յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ:

 

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ, կրկին ասում եմ՝ հեշտ չի լինելու, բայց լինելու է հետաքրքիր»: