ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դատախազությունում առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, բարեվարք ու սրտացավ մասնագետներին. Աննա Վարդապետյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին

08/03/2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2025 թվականի մարտի 7-ին Վարպետաց դաս է անցկացրել Դպրոցի ուսանողների համար՝ անդրադառնալով օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներին ու հաջողության պատմություններին:

 

Աննա Վարդապետյանը, ի պատասխան ուսանողների հարցերին, անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ղեկավարման իր փորձառությանը, առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին, այդ ուղիների որոնման համար անհրաժեշտ ռազմավարական մտածողությանը, առաջնորդության և բարեվարքության հետ կապված մի շարք հարցերի:

 

Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին հարցին պատասխանելիս՝ հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու անհրաժեշտությունն ու նշել. «Դատախազությունում բոլորը գիտեն, որ առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, աշխատասեր, բարեվարք, սրտացավ, իր առաքելությանը նվիրված յուրաքանչյուր մասնագետի»:

 

Աննա Վարդապետյանը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի: