Նորություններ
09/12/2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովին:
Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված համաժողովին ելույթներով են հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը (տեսաուղերձ), Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:
Էդգար Արսենյանը, համաժողովի պանելային քննարկումների շրջանակում, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավական նոր գործիքակազմերին և այդ պայքարում առկա մարտահրավերներին:
Վարչության պետի խոսքով՝ կոռուպցիան՝ որպես գրեթե բոլոր պետությունների առջև ծառացած ժամանակակից խնդիր, խարխլում է իրավունքի գերակայության և ժողովրդավարության հիմքերը, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, տնտեսության աճին և զարգացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը: «Ուստի, մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարևոր հրամայական»,- նշել է Էդգար Արսենյանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու հարցում, ի թիվս այլնի, կարևորել է Գլխավոր դատախազության կազմում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները: «Վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է, համալրվել է բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող դատախազներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդ կադրեր են, ովքեր արդեն իսկ հաղթահարել են դրական բարեվարքության շեմը և իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են իրենց պատրաստակամությունը՝ պատասխանատու այս ոլորտում ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծել է Էդգար Արսենյանը:
Վարչության պետն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով Դատախազության որդեգրած պատժողական խիստ քաղաքականությանը, փողերի լվացման վերաբերյալ քննվող քրեական վարույթներով նոր մոտեցումներին, ինչպես նաև պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշմանը: