Նորություններ
13/11/2024
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 23:13-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 շենքի մոտ հրազենից կրակել են Բ.Ս.-ի և Ս.Գ.-ի ուղղությամբ: Բժշկական կենտրոն տեղափոխված Ս.Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը կազմակերպելն ու ղեկավարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), իսկ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով:
2024 թվականի հուլիսի 28-ին Ռ.Ս.-ն և Ա.Կ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:
Մեղադրյալներ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
2024 թվականի նոյեմբերի 4-ին քրեական վարույթից մեղադրյալներ Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մասն անջատվել է:
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: