Նորություններ
04/11/2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը:
Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպումը նախաձեռնելու համար:Հայաստանում օրենքի գերակայություն ու կայուն զարգացում ապահովելու հարցում դեսպանն առանցքային է որակել Դատախազության դերակատարումը:
Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպան Գալագերին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարին, քրեական վարույթներով միջազգային-իրավական համագործակցությանը, դատախազների շարունակական կրթության ապահովմանը և այլն:
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում: