Նորություններ
24/09/2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Ձեր այցելությունը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Սա նաև ընդգծում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման կարևորությունը։ Մենք ցանկանում ենք արձանագրել, որ, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին, որը նաև ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը»,- ասել է նախագահը:
Սկզբնաղբյուրը՝ president.am