ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

ԱՕԿՍ-ի շենքը կտրամադրվի վարձակալության՝ մրցույթով

06/06/2024

Կառավարությունն ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ) 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով: Որոշմամբ սահմանվել է, որ մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15,450,000 ՀՀ դրամ՝ ելնելով «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 2024 թ. փետրվարի 28-ի դրությամբ գնահատած ամսական վարձավճարի շուկայական արժեքից:

 

Կոմիտեն, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում կկազմակերպի մրցույթի անցկացումը: Վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում վարձակալը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ պետբյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 10 տոկոսի չափով՝ եթե գերազանցում է 300 մլն դրամը: Վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում վարձակալը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ պետբյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 5 տոկոսի չափով՝ եթե գերազանցում է 300 մլն դրամը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կադաստրի կոմիտեի, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ԱՕԿՍ ընկերության, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության, Գագիկ Սահադյանի և Ադելա Ստեփանյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին: Հաշվի առնելով, որ շենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես հանրապետական նշանակության հուշարձան, որոշվել է այն տրամադրել վարձակալության՝ մրցութային եղանակով:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ ԱՕԿՍ-ի շենքն իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված այս պահի դրությամբ ամենատեսանելի և նշանավոր շինությունն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գույքն արդյունավետ կառավարվի»:

 

Վարչապետը նշել է, որ գույքը վարձակալելու միակ սահմանափակումը, որ դրվել է այն է՝ շենքի մշակութային բովանդակությունը պետք է չվնասվի: Իսկ հետագայում այնտեղ նախատեսվող վերանորոգման, հարդարման աշխատանքների նախագծերը պետք է հաստատվեն և նախատեսվող աշխատանքները վերահսկվեն ԿԳՄՍ նախարարության կողմից:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշել է. «Այո, քանի որ շենքը պատմամշակութային նշանակություն ունի, պատմամշակութային հուշարձան է, նրա արտաքին տեսքի հարդարման հետ կապված աշխատանքները պետք է մասնագիտական դրական եզրակացությամբ իրականացվեն, որպեսզի վստահ լինենք, որ դրանից որևէ ձևով չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին այն կառուցվածքը, որ նույնպես պատմամշակութային արժեք է: Դա նշանակում է, որ նախագիծը կներկայացվի մեզ և ոլորտի մասնագետներից կազմված մեր Գիտամեթոդական հանձնաժողովը այն կքննարկի»:

 

Վարչապետը հիշեցրել է՝ հայտարարվելու է հրապարակային մրցույթ, որին կարող են մասնակցել սահմանված չափանիշները բավարարող բոլոր սուբյեկտները:

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ 10 տարին պայմանագրի հիմնական ժամկետն է և նախապատվության իրավունքով այն ունի 10 տարով երկարաձգելու իրավունք:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման գույքերի արդյունավետ կառավարումը. «Իմ ընկալումն այն է, և հույս ունեմ, որ այն կյանքում իրեն կարդարացնի, որ այս և նման գույքերը պետք է հետագայում կառավարենք վարձակալության տրամաբանությամբ, որպեսզի նրանք պետական բյուջեի համար շարունակական եկամտի աղբյուր դառնան: Կարծում եմ՝ պետական գույքի կառավարումից մեր բյուջետային եկամուտները շատ ավելին լինելու պոտենցիալ ունեն, և այդ պոտենցիալը պետք է պարզապես ճիշտ օգտագործել»:

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ անցյալ շաբաթ ևս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության նախնական իրավունքը: Խոսքը Կողբացի 36/3 հասցեում գտնվող 235,8 քմ անշարժ գույքի մասին է: «Այս պահին ՀՀ ունի կառուցապատման իրավունք, մենք այս շաբաթվա ընթացքում կգրենք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով որպեսզի շենքի ավարտական ակտի ստացման գործընթացի մեջ կառավարությունը դերակատարում ունենա, որպեսզի այս գույքը ևս հնարավորություն ունենա տնօրինելու»,- ասել է Աննա Վարդապետյանը: 

 

Սկզբնաղբյուրը՝ primeminister.am