ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

08/05/2024

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

 

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

 

Վճռի հիման վրա՝ շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր շուրջ 18,5 մլն դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերին տրվել են Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեները, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

 

Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է 14 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասի աճուրդները:

 

Դատախազության հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 3  վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 55 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: