Նորություններ
22/04/2024
Գլխավոր դատախազությունը, 2023 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի մեկնարկի մասին:
Դեսպանության կողմից մրցութային կարգով ընտրված SPRING PR ընկերության կողմից (այսուհետ՝ Ընկերություն) իրականացված՝ շուրջ 6 ամիս տևողությամբ «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, Հայաստանի Հանրապետության բոլոր գործող դատախազները: Դասընթացի նպատակն էր բարելավել դատախազ-քաղաքացի, դատախազ-ԶԼՄ ներկայացուցիչ հաղորդակցման կարողությունները:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թայմեն Քովինարը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները 2024 թվականի ապրիլի 21-ին մասնակցել են Ծրագրի վերջին դասընթացին և ամփոփել արդյունքները:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել փոխդեսպան Թայմեն Քովինարին, Դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին և դասընթացավաներին՝ բովանդակությամբ հարուստ և դատախազների կարիքներին համապատասխան դասընթաց կազմակերպելու և իրականացնելու համար: «ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքում ամրագրված սկզբունքներից է այն, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի: Ես կավելացնեի՝ արդարադատությունը պետք է լինի նաև հասկանալի: Այս նպատակին էր ուղղված Դեսպանության հետ համատեղ իրականացված դասընթացը: Արդյունքները չափելի են. IRI-ի նախաձեռնությամբ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել է իր դիրքերը»,- նշել է Աննա Վարդապետյանը և հույս հայտնել, որ Դեսպանության հետ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և, ի թիվս այլնի, կներառի նման ձևաչափով դատախազների այլ գիտելիքների զարգացումը:
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թայմեն Քովինարը Գլխավոր դատախազության հետ համագործակցությունը գնահատել է արդյունավետ, կարևորել Դատախազության կողմից հանրության հետ հաղորդակցվելու կարողությունները զարգացնելուն ուղղված աշխատանքները և շնորհակալություն է հայտնել դասընթացավարներին՝ բարձր արհեստավարժությամբ Ծրագիրն իրականացնելու համար:
Փոխդեսպանը Գլխավոր դատախազություն-Դեսպանություն փոխգործակցությունը շարունակելու վստահություն է հայտնել:
Ընկերության համահիմնադիր, դասընթացավար Նվարդ Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Դեսպանությանը՝ մասշտաբային ծրագիրն իրականացնելու պատասխանատու առաքելությունն իրենց վստահելու համար և ընդգծել, որ այն Ընկերության համար ամենապարտավորեցնող նախագծերից է եղել:
Ընկերության համահիմնադիր, դասընթացավար Տաթևիկ Սիմոնյանը բարձր է գնահատել դասընթացին մասնակցած դատախազների որակն ու ներգրավվածությունը և նշել, որ Դատախազության նախաձեռնությունը ժողովրդավարական երկրներին բնորոշ նախաձեռնություն է, որտեղ կարևորվում է երկկողմանի հաղորդակցությունը:
Բանավոր շնորհակալությունը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր շնորհակալագրերով ամրապնդելու նպատակով՝ հանրային հաղորդակցության ոլորտում դատախազների կարողությունների, հմտությունների և գիտելիքների զարգացմանը նպաստելու համար, Աննա Վարդապետյանը շնորհակալագրեր է հանձնել դասընթացը հաջողությամբ իրականացրած SPRING PR ընկերության ներկայացուցիչներին՝ Ընկերության համահիմնադիրներ, դասընթացավարներ Նվարդ Մելքոնյանին և Տաթևիկ Սիմոնյանին, Ընկերության PR տնօրեն Մարիամ Սաֆարյանին, Ընկերության ներկայացուցիչ, Ծրագրի ղեկավար Մարինե Գրիգորյանին, կոորդինատոր Սոֆի Ջավադյանին, Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, դասընթացավար Հակոբ Մակդիսին:
Աննա Վարդապետյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության փոխգործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհակալագրով է պարգևատրել նաև Դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին: