ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Իմ ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին

11/04/2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հրավերով, մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին:

 

«Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացած համաժողովին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Պալատի նախագահ Էլինա Մարգարյանը, պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

 

Համաժողովին ներկայացվել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման ռազմավարական մոտեցումները, որին հաջորդել են պանելային քննարկումներ՝ «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով:

 

Պանելային առաջին քննարկման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կրթության առաջնահերթությանը, Դատախազությունում կանանց ներգրավվածությանը, առաջխաղացման հնարավորություններին, ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության կարևորությանը և այլն:

 

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը նշել է, որ ղեկավար պաշտոններում կանանց բացակայության խնդրին բախվել է իր պաշտոնավարման հենց առաջին օրը. «Բազմաթիվ կանայք՝ քաղաքացիական ծառայության ոլորտում, ոչ մեծ թվով կանայք՝ դատախազի պաշտոնում ու հատուկենտ կանայք՝ Դատախազության ղեկավար պաշտոններում: Խնդրի լուծման նպատակով մենք սկսեցինք մեր աշխատակազմում ներգրավել խելացի, աշխատասեր, պրոֆեսիոնալ կանանց: Նման որակներով կանանց մենք սկսեցինք փնտրել ինչպես Դատախազության համակարգի ներսում, այնպես էլ գիտակրթական ոլորտներում: Այսօր գործող մոտ 400 դատախազներից 100-ը կին է: Իմ 5 տեղակալներից 2-ը կին են: Աճել է ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի նշանակված կին դատախազների թիվը: Եթե 2017-2021 թվականներին՝ այսինքն՝ 5 տարիների ընթացքում, ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի էր նշանակվել 15 կին դատախազ, ապա միայն 2023 թվականին այդ թիվը 11-ն է»:

 

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ իր ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման ու  անդրադարձել տարբեր ժամանակաշրջանների ու ոլորտների կանանց՝ ովքեր համարձակություն են ունեցել ճանաչել այն իրականությունը, որում ծնվել են, չհաշտվել այդ իրականության հետ, չձուլվել իրենց ծնունդ տված միջավայրի հետ և իրենց գոյությամբ դառնալ այդ իրականության ու միջավայրի փոփոխության հույսը: