Նորություններ
26/02/2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ այսօր ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները:
Վարչական շրջանի դատախազ Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է արձանագրված հանցավորության վիճակը, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Վարչական շրջանի դատախազը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականի ընթացքում վարչական շրջաններում գրանցվել է հանցագործության 2635 դեպք (2022 թվականին՝ 2688 դեպք). դեպքերը նվազել են 53-ով, կամ 2%-ով:
Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ չնայած հանցագործությունների ընդհանուր թվի նվազմանը՝ աճ է արձանագրվել միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակում:
2023 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 356 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 371 դեպքի դիմաց (նվազումը՝ 15 դեպքով կամ 4 %-ով):
2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (հաշվետու տարում արձանագրվել է 959 դեպք՝ 2022 թվականի 1128 դեպքի դիմաց):
Աճել են կողոպուտի դեպքերը. 2023 թվականին արձանագրվել է 15 դեպք, 2022 թվականին՝ 7 դեպք:
Պահպանվել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումը. 2023 թվականին արձանագրվել է 75 դեպք՝ 2022 թվականի 83-ի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 64 դեպք՝ 2022 թվականի 80 դեպքի դիմաց. 16 դեպքով կամ 20%-ով դեպքերը նվազել են:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում աճ է արձանագրվել 219 դեպքով (2023 թվականին՝ 322, 2022 թվականին՝ 103):
2023 թվականի ընթացքում դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 197 քրեական գործ (վարույթ)` 241 անձի վերաբերյալ):
2023 թվականի ընթացքում ավարտվել է դատարաններում քննվող 229 քրեական գործի քննություն` 243 անձի վերաբերյալ:
2023 թվականին վարչական շրջանների դատախազության կողմից, ի թիվս այլնի, ուսումնասիրվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ «Տիգրան Մեծի անվան», «Նանսենի անվան» զբոսայգիներում ընդհանուր օգտագործման հողերի տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներին տրամադրված հողերի և դրանցում կառուցված շինությունների օտարման գործընթացները:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Վերոնշյալ դեպքերից մեկով՝ վիճարկման հայց է ներկայացվել Վարչական դատարան՝ հողատարածքն օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը վերացնելու, որպես հետևանք կնքված առուվաճառքի պայմանագիրը, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:
Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ շարունակել ուսումնասիրությունները Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթական տարածքների, մասնավորապես՝ մանկապարտեզների վերաբերյալ: