ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Օրինապահ վարքագծի նկատմամբ պետք է ձևավորենք հարգալից վերաբերմունք. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները

26/02/2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում:

 

Քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները, այլք:

 

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է մարզում առկա այն խնդիրները, որոնց լուծման և հատկապես կանխարգելման հարցում Դատախազությունը կարող է աջակցել:

 

Մարզպետի հետ զրույցի ընթացքում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է. «Դատախազների առջև խնդիր է դրված, որ Դատախազություն դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի ընթացքի մասին պետք է պատշաճ տեղեկություն ստանա, նրանց պետք է պարզաբանվեն խնդրի լուծման ուղղությունները, իսկ անհնարինության դեպքում՝ պատճառները»: Աննա Վարդապետյանը կարևորել է դպրոցականների հետ դատախազների շփումները՝ օրինապահ վարքագծի նկատմամբ հարգալից վերաբերմունք ձևավորելու նպատակով:

 

Մարզպետ Ղուկասյանը դրական է գնահատել մարզի դատախազության հետ ամենօրյա աշխատանքային ձևաչափով քաղաքացիների խնդիրների համատեղ լուծմանն ուղղված առկա մեխանիզմները:

 

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1411 դեպք (2022 թվականին՝ 977 դեպք). հանցագոր­ծության դեպքերն աճել են 434-ով կամ 44,4%-ով:

 

2023 թվականին նվազել է ծանր հանցա­գործու­թյունների դեպքերի քանակը՝ կազմելով 186 դեպք (2022 թվականին՝ 206 դեպք), միջին ծանրության դեպքերի քանակն աճել է 186-ով՝ կազմելով 485 (2022 թվականին՝ 299 դեպք):

 

2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 4 դեպք (առանց հանկարծամահության) (2022 թվականին՝ 1 դեպք), սպանության փորձի 5 դեպք (2022 թվականին՝ 1 դեպք):

 

Մարզի տարածքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում. 2023 թվականին՝ 84 դեպք՝ 2022 թվականի 36 դեպքի դիմաց:

 

Նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առումով (256 դեպք՝ 2022 թվականի 323 դեպքի դիմաց), աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 422 դեպք՝ 2022 թվականի 286 դեպքի դիմաց):

 

2023 թվականի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 53 դեպք (2022 թվականին՝ 24 դեպք). հանցագոր­ծության դեպքերն աճել են 29-ով կամ 120,8 %-ով, այդ թվում՝ աճել են նաև  իրացման դեպքերը՝ 9-ով կամ 90%-ով: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերի բացա­­­հայտումը կազմել է 46,3 % (2022 թվականին՝ 32,2%):

 

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության 13 դեպք՝ 2022 թվականի 2 դեպքի դիմաց, կոռուպցիոն հանցագործությունների 25 դեպք՝ 2022 թվականի 22-ի դիմաց:

 

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 208 քրեական վարույթ` 242 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 139 քրեական գործ (վարույթ)` 165 անձի վերաբերյալ): 

 

2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված 167 քրեական գործով 183 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 12 գործով 28 անձի նկատմամբ` կարճման որոշումներ:

 

Մարզի դատախազության աշխատանքները ներկայացնելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Սյունիքի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

 

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության մարզային ներկայացուցիչները, Զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ և 9-րդ կայազորային քննչական բաժինների, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության՝ կայազորի տարածքում տեղակայված բաժինների և բաժանմունքի ղեկավարները, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազները, այլք:

 

Կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է 769 դեպք, որից 195-ը՝ հանցագործությունների դեպքեր են, իսկ 574-ը` զանցանքներ և պատահարներ են: 195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը` այլ հանցագործություններ: 2023 թվականի ընթացքում արձանագրված 195 հանցագործությունից 40-ը կատարվել է սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը` ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից:

 

2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ՝ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ):

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իսկ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազներին՝ բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: