ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

14/02/2024

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող Հրազդան մարզադաշտը՝ շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները և 14 հա հողամասը, վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն):

 

Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները (մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը), Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով):

 

Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, Գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաև վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որևէ ակտ կամ գրավոր տեղեկություն։

 

2005 թվականի հունվարի 7-ին Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նույն ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն իր վրա է վերցրել 2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2009 թվականը 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին (ըստ Պետական գույքի կառավարման վարչության՝ Ա.Ա.-ի կողմից կատարված ներդրումները համարվել են ընդունված):

 

2010 թվականին Ընկերությունը վերանվանվել է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության, որից հետագայում առանձնացվել են «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությունն ու «ՍՈԼԻԴՈՒՍ» ՓԲ ընկերությունը:

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի վճռով՝ «Հրազդան Կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2019 թվականին Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։

 

Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ Կառավարությունը տվյալ ժամանակահատվածում շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում՝ 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

 

2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով: