ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Շախմատի առաջնություն՝ Դատախազության և «Ճախրուկ»-ի՝ հատուկ կարիք ունեցող սաների միջև. հաշիվը՝ ոչ ոքի

23/12/2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալներն ու Դատախազության աշխատակիցները դեկտեմբերի 22-ին այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։

 

Այցի շրջանակում Դատախազության աշխատակիցների և չափահաս «Ճախրուկների» միջև անց է կացվել շախմատի մրցույթ, որին մասնակցել է նաև գրոսմայստեր,  Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը:

 

Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավար Հարություն Բալասանյանը և Կենտրոնի հիմնադիրները Դատախազության աշխատակիցներին են ներկայացրել Կենտրոնի գործունեությունը, Կենտրոնի սաների կողմից՝ կավից և փայտից պատրաստված ձեռքի աշխատանքները:

 

Աննա Մխիթարյանը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ Դատախազության աշխատակիցների այցը Կենտրոն, շախմատի մրցույթ անցկացնելու գաղափարը  և շնորհակալություն հայտնել Աննա Վարդապետյանին՝ «Ճախրուկների» հետ 2017 թվականից սկսած բարեկամության համար: