ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

22/12/2023

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է 19.080 քմ հողատարածք: Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ Դպրոցին հատկացված վերոնշյալ տարածքից 148.71 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա քաղաքացի Ս.Յ.-ի կողմից կառուցված է եղել ինքնակամ արտադրական շինություն՝ 132.4 քմ մակերեսով, ճանաչվել է Երևանի քաղաքապետարանի սեփականություն և նույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ուղղակի վաճառքով օտարվել այն կառուցած քաղաքացուն: Մինչդեռ, «Կրթության մասին» օրենքի  համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի վերաբերյալ, ինչպես նաև այլ դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

 

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

 

 Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: