Նորություններ
23/11/2023
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ:
Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:
Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ:
Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել:
Այնուհետև, Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ:
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն: