ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել անհարգելի պատճառով դատական նիստերից բացակայած դատախազի նկատմամբ

16/11/2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման հիման վրա՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

 

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի օրերի ու ժամերի մասին, առանց հարգելի պատճառի չի մասնակցել երկու դատական նիստի:

 

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի 8-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

 

Էթիկայի հանձնաժողովի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

 

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: